Իսլամաբադում ցուցարարները գրոհով վերցրել են պետական հեռուստատեսության շենքը
Իսլամաբադում (Պակիստան) հակակառավարական ցույցերը վերաճել են հեռուստակենտրոնի շենքի գրավման: PTV պետական հեռուստաալիքը և նրա PTV-World անգլալեզու տարբերակը դադարեցրել են հեռարձակումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
«Նրանք գրոհում են շենքը, մեր աշխատակիցները, ովքեր կատարում են իրենց ծառայողական պարտքը, ենթարկվում են ծեծի»,- ասել է պակիստանյան հեռուստատեսության հաղորդավարը եթերի հեռարձակման դադարից րոպեներ առաջ:
Մեկ այլ պակիստանյան հեռուստաալիք՝ Express-ը, կադրեր է ցույց տվել հեռուստակենտրոնի շենքի ներսից, ցուցարարներից մի քանիսը եղել են հակագազերով, սակայն, ինչպես հաղորդում են Reuters և AFP գործակալությունները, կադրերում չեն եղել բռնության տեսարաններ:
Պակիստանում հակակառավարական ցույցերը շարունակվում են մի քանի շաբաթ՝ վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականի պահանջով: Օգոստոսի 30-ին վարչապետի նստավայրը գրոհելու փորձի ժամանակ սպանվել է երեք մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել են վնասվածքներ:










