Ֆրանսիայում ձերբակալվել է 16-ամյա աղջիկ, ով պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ ջիհադի համար
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 16-ամյա աղջկա, ով պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ այնտեղ կռվող իսլամիստներին միանալու համար: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևի հայտարարության մեջ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան երկրի հարավում՝ Նիս քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդվում է նախարարության հայտարարության մեջ, անչափահաս աղջկա ընտանիքը «գաղափար անգամ չի ունեցել նրա մտադրությունների մասին» և չի հայտնել ոստիկանությանը մարտական գործողությունների դաշտ իրենց դստեր հնարավոր մեկնելու մասին:
«Աղջկան բռնել են սահմանային ոստիկանության աշխատակիցները, որոնք նկատել են նրան, երբ վերջինս փորձել է նստել Թուրքիա մեկնող օդանավը՝ այնուհետ Սիրիա մեկնելու մտադրությամբ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Աղջկա ձերբակալության օրն իրավապահները կարողացել են ձերբակալել նաև ենթադրյալ անձին, ով համոզել է աղջկան միանալ իսլամիստներին: Ձերբակալվածը եղել է 22-ամյա երիտասարդ, ով էլ, ինչպես կարծում են քննիչները, գնել է տոմսերը:
Իրավապահ մարմինների գնահատականով՝ Սիրիայում և այլ թեժ կետերում գտնվում է Ֆրանսիայի 800 քաղաքացի, որոնք մասնակցում են մարտական գործողություններին իսլամիստների կողմից:










