Դպրոցների միավորում նախատեսված չէ, հնարավոր է՝ դասարանների միավորում. ԿԳՆ պաշտոնյա

13:55 • 01.09.14

Այս տարի սեպտեմբերի մեկին նախատեսված է ընդունել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, հենց այդքան «Այբբենարան» և «Մաթեմատիկա» դասագրքեր են հրատարակված, որոնք կնվիրվեն նրանց: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:


«Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը անվճար են տրամադրվում»,-ասաց նա:


ԿԳՆ պաշտոնյան վստահեցրեց, որ ոչ մի դպրոց չի փակվելու և ոչ էլ նախատեսված է դպրոցների միավորում, թեև հնարավոր է՝ դասարանների միավորում լինի՝ աշակերտների թվի քիչ լինելու պատճառով, և առաջին ու երկրորդ դասարանցիները դասերը միասին անցկացնեն, ինչի համար կա հատուկ ծրագիր:


Ինչ վերաբերում է ազգային երգ ու պար անցկացնելու ծրագրին, ապա Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ փորձնական տասը դպրոցներում է իրականացվելու այդ ծրագիրը: Նա նշեց, որ այդ ծրագիրն ուղղված է հայ ինքնության պահպանմանը և այն խանդավառությամբ է ընդունվել ծնողների և աշակերտների շրջանում:


«Այսօր մենք ունենք ավագ դպրոցներ, որոնք իրականացնում են առանձին ծրագիր, և որպեսզի այդ դպրոցի առաքելությունն իրականացնենք, կարևոր ենք համարում կրեդիտային համակարգը ներդնել»,-ասաց նա և ավելացրեց, որ երեխան միասնական քննությունների ժամանակ և հետագայում՝ նաև բուհերում կարող է օգտագործել այդ կրեդիտները:


Tert.am-ի հարցին, որ թեև նշում եք, որ մինիմալ վերանորոգման և հատկապես ջեռուցման հարցերը մեծամասամբ լուծված են, սակայն մարզերից ու հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցները շարունակում են ունենալ այդ խնդիրները, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի նորոգվող դպրոցների թիվն ավելանում է:


«Բոլոր դպրոցները ջեռուցվում են, այդ հարցը լուծված է: Հնարավոր է՝ կաթսայատներով չեն ջեռուցվում, այլ վառելանյութով, սակայն ջեռուցվում են»,-ասաց նա:
Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ պաշտոնյան ասաց. «Նախարարը խոստացել է, որ ուսուցիչների աշխատավարձը վերանայվելու է»։

 


 

Դպրոցների միավորում նախատեսված չէ, հնարավոր է՝ դասարանների միավորում. ԿԳՆ պաշտոնյա