ՀՀ քաղաքացիների մի ակտիվ զանգված գիտակցում է՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը գնա դեպի ՄՄ-ի և ԵՏՄ-ի ճահիճը. Դավիթ Սանասարյան
Սեպտեմբերի 3-ին մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են բողոքի ցույց անել Ազատության հրապարակում և երթ անել տեղում որոշվելիք ուղղությամբ՝ ընդդեմ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը՝ ցույց տալով իրենց անհնազանդությունը «չարիքի կայսրությանը»:
Արդյո՞ք ներկա իրավիճակում դա կմտահոգի հանրությանը՝ հաշվի առնելով, որ երկրում այլ խնդիրներ ևս կան, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, ՄՄ-ի և ԵՏՄ-ի դեմ ցույցերի ակտիվ մասնակից Դավիթ Սանասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք նախադեպեր ունենք այդ թեմայով ցույցեր անելու՝ սեպտեմբերի 4-ին, 21-ին և դեկտեմբերի 2-ին: Դա ցույց է տվել, որ քաղաքացիների մի ակտիվ զանգված, գիտակցելով Հայաստանի անկախությանն սպառնացող վտանգը, դեմ է այդ որոշումներին և գիտակցում է, որ իրենց քայլերով պետք է թույլ չտան, որպեսզի Հայաստանը գնա դեպի այդ ճահիճը»:
Նրա խոսքով՝ քանի որ սպառնալիքը մեծ է, որ Հայաստանը կանդամակցի այդ կառույցներին, այս պահի դրությամբ ավելի կարևոր բան չկա: Եվ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն մի բան՝ Հայաստանն այդ միություններին անդամակցելով՝ լուրջ խնդիրներ է ունենալու և սոցիալական, և տնտեսական առումներով. «Եվ ես վստահ եմ, որ սա այն հարցն է, որը պետք է մտահոգի ցանկացածին, և նյութականից առաջ պետք է մտածել, որ Հայաստանը կորցնում է իր անկախությունը»:
Դիտարկմանը, թե սեպտեմբերից այլ շարժումներ ևս նախատեսվում են, արդո՞ք հավանական է, որ ուժերի մոբիլիզացում լինի, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Այս ակցիան ինչ-որ մի խումբ չի կազմակերպում, այլ կազմակերպում են այն մարդիկ, ովքեր այլ ակցիաների ևս մասնակցել են: Բնականաբար՝ մենք պետք է անենք ամեն ինչ, թողնենք մի կողմ տարաձայնությունները, և մեր համախմբումը կոնկրետ պետք է լինի ՀՀ եռագույնի շուրջ: Այնտեղ չպետք է լինեն այլ միությունների դրոշներ, պետք է լինի միայն ՀՀ դրոշը և հնչի Հայաստանի հիմնը»:
«Ժառանգության» խոսնակը նաև կոչ արեց, որ տարբեր քաղաքական կառույցներ, ովքեր գիտակցում են, որ այդ միություններին անդամակցելով՝ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու՝ կապված անկախության և ինքնիշխանության հետ, համախմբվեն, և ոստիկաններին էլ կոչ արեց չխոչընդոտեն ակցիան:
Իսկ վերջին շրջանի քաղաքական լռությունը Դավիթ Սանասարյանը պայմանավորեց և´ սահմանային իրավիճակով, և´ ամառվա սեզոնով. «Ես կուզենայի, որ ամառը շատ թեժ լիներ, բայց անկախ ամեն ինչից՝ սահմանային լարվածությունն իր դերը խաղաց»:










