Բնապահպանները դժգոհ են նախարարից և մտահոգված Թուխմանուկի հանքի 3-րդ պոչամբարի նախագծով
Արագածոտնում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանի տված դրական եզրակացության հետևանքների մասին այսօր կայացած ասուլիսին իրենց մտահոգությունները հայտնեցին բնապահպանները՝ հայտարարելով, թե դա ևս ապացուցում է, որ Հայաստանի բնախահպանության նախարարների որակը գնալով ընկնում է:
Բնապահպան Սեյրան Մինասյանի համոզմամբ՝ նախագիծն ի սկզբանե խաբեություն է: «Ես, որպես մասնագետ, նախարարին նամակ գրեցի, ինձ պատասխանեցին, որ կարծիքը հնարավորինս հաշվի կառնեն: Իսկ իրական պատասխան ինձ ուղարկում է «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ն»,- ասաց նա:
Գրետա Գաբրիելյանն էլ նշեց, որ երբ առաջին անգամ հարցը բարձրացվեց, իրենք այցելել են համայնք, տեսել այդ ցավալի
վիճակը: Բազմաթիվ նամակներ են ուղղել ԱԺ-ին և ՀՀ նախագահին, սակայն պատասխան չեն ստացել:
«Շարունակել Մելիք գյուղի հանքարդյունաբերությունը՝ նշանակում է այդ տարածքի բոլոր ջրերը թունավորել ծանր մետաղներով, իսկ այդ ջրերը հոսում են Արարատյան դաշտ»,- ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ հանքը շահագործողներին նախապես թույլատրվել է երկու տարի բաց շահագործել, սակայն առ այսօր շարունակում են աշխատել բաց հանքով: Մինչդեռ 2008-ից նրանք պետք է աշխատեին ստորգետնյա շահագործումով, բայց չեն արել. «Իսկ երբ հարց ենք տալիս, թե դեռ քանի պոչամբար է պետք նրանց, ասում են, որ չգիտեն»:
Իր հերթին իրավաբան Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ բնապահպանության նախարարների որակը գնալով ընկնում է: «Ներկայիս նախարարն ունի անկրկնելի հնարավորություն ապացուցելու, որ ինքը սխալ է: Սա նախարարին ուղղված վերջին շանսն է, որպեսզի նա ցույց տա, որ էլ ավելի վատը չէ, քան Արամ Հարությունյանը»,-ասաց նա։
Արթուր Գրիգորյանն ավելացրեց, որ երրորդ պոչամբարի թույլտվության գործընթացը ցույց է տալիս, որ այն սովորական կոռուպցիոն գործարք է, այն ունիկալ նախագիծ է, որով կարելի է գործող նախարարի գնահատականը տալ:










