Վստահ չեմ, որ հոկտեմբերի 10-ին ի վերջո Հայաստանին կհաջողվի անդամակցել ԵՏՄ-ին. Ալեքսանդր Իսկանդարյան
Վստահ չեմ, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանին ի վերջո կհաջողվի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը. այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Այնտեղ չափազանց շատ են խնդիրները, հատկապես Հայաստանի հետ կապված»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, եթե այդուհանդերձ դա տեղի ունենա հոկտեմբերի 10-ին կամ ավելի ուշ, պետք է չէ հուսալ, թե դրանով կարող է ռեալ փոփոխություններ լինեն մեր երկրի տնտեսությունում. «Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես է ավարտվում ուկրաինական կոնֆլիկտը»։
Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ Մաքսային միության ստեղծումը նախ և առաջ Ուկրաինայի շուրջն էր նախատեսված կառուցել։
«Այս ընթացքում տեղի ունեցան աննախադեպ իրադարձություններ։ Ինչ էլ այնտեղ որևէ մեկը չասի կամ ելույթ չունենա, այդ փոփոխությունները ուղիղ ազդեցություն ունեն ԵՏՄ-ի հետագա ճակատագրին։ Ես այդքան էլ պոզիտիվ չեմ վերաբերվում այդ գործընթացին, ոչ թե այն իմաստով, որ ես այդ միությանը բացասաբար եմ վերաբերվում, այլ ուղղակի ես չեմ կարծում, որ կհաջողվի մոտ ապագայում ստեղծել լավ գործող կառույց՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է Ղազախստանի նախագահի հայտարարությունը, որ եթե ճնշումներ լինի ՌԴ-ի կողմից, Ղազախստանը դուրս կգա միությունից, քաղաքագետը նշեց, որ Նազարբաևի հայտարարությունը չի կարելի ընկալել զուտ Աստանայի և Մոսկվայի հարաբերությունների լոգիկայի սահմաններում։ Ըստ նրա, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ, եռակողմ ու փոխադարձ տարաձայնություններ միշտ կարող են լինել։ «Ցանկացած միությունում նման կոնֆլիկտներ լինում են, նայեք, թե ինչ կա ԵՄ-ում, այնտեղ էլ երկրները Ուկրաինայի հարցում իրար հետ ունեն տարբեր տեսակետներ։ Ենթադրել, որ այդ ամենից հետո կարող են տարաձայնություններ լինել, իսկ Հայաստանի հարցով չի կարող, բավական պրիմիտիվ մտածելակերպ է»,-ասաց նա՝ համաձայնելով, որ Հայաստանն այդ տարաձայնությունների պատճառներից մեկն է։










