Օբաման տեղեկացրել է Կոնգրեսին իրաքյան Ամերլիում զինյալների դիրքերը ռմբակոծելու որոշման մասին

00:56 • 02.09.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ռազմաօդային ուժերին հրահանգել է հստակ հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին՝ Իրաքի Ամերլի քաղաքի շրջակայքում: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին Օբաման տեղեկացրել է Կոնգրեսի ղեկավարներին:


«Օգոստոսի 28-ին ես հրահանգել եմ ԱՄՆ ռազմաօդային ուժերին՝ նպատակային ռմբակոծումներ իրականացնել՝ Ամերլիի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու նպատակով: Ամերիկացի զինծառայողները 30 հարված են հասցրել քաղաքին», - ասվում է երկրի ղեկավարի նամակում, որը տարածել է Սպիտակ տունը:


Օբամայի խոսքով՝ այդ հավելյալ միջոցառումները ժամանակի և տարածության մեջ սահմանափակ բնույթ կկրեն և անհրաժեշտության դեպքում կիրականացվեն Ամերլիի քաղաքացիների պաշտպանության համար: