Սլովակիան սկսել է ռևերսային ռեժիմով գազ մատակարարել Ուկրաինա
Սեպտեմբերի 2-ին սկսվել է ռևերսային ռեժիմով Վոյանի-Ուժգորոդ վերակառուցված գազամուղով Սլովակիայից Ուկրաինա գազի կոմերցիոն մատակարարումը:
Մատակարարվող գազի նախատեսված ծավալն օրական 27 միլիոն խորանարդ մետր է: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Սլովակիայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր Eustream ընկերության ներկայացուցիչ Վահրամ Չուգուրյանը:
2015 թվականի մարտի 1-ից գազամուղը պետք է աշխատի նորմալ աշխատանքային ռեժիմով, ասել է Չուգուրյանը:
Սլովակիայից Ուկրաինա գազի կոմերցիոն մատակարարման մեկնարկին Սլովակիայի սահմանային Վելկե Կապուշանի կայանում մասնակցել են երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Եվրահանձնաժողովի էներգետիկ դեպարտամենտի ներկայացուցիչ Կլաուս-Դիտեր Բորխարդը:
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռևերսային մատակարարումներով գազի արժեքը կազմելու է մոտ 360 դոլար մեկ խորանարդ մետրի համար:
Ավելի վաղ Ուկրաինայի «Нафтогаз»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլյովը հայտարարել էր, որ Վոյանի-Ուժգորոդ գազամուղով մատակարարումները կարող են ապահովել Ուկրաինայի պահանջարկի մինչև 40 տոկոսը:










