Հայաստանն աշխարհում ճանաչվելու համար պետք է ցույց տալ բաբելոնյան քարտեզը. քարտեզագետ

12:55 • 03.09.14

Լոնդոնի «Armenian Institute» գիտական, մշակութային կազմակերպության հիմնադիր հոգաբարձու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ, Ռուբեն Գալիչյանն այսօր՝ Քարտեզի միջազգային օրվա առթիվ կայացած ասուլիսի ժամանակ, կոչ արեց աշխարհին ցույց տալ Բրիտանական թանգարանում գտնվող քարտեզը, որը պատրաստվել է Բաբելոնում և որում նշված են երեք պետությունների անուններ:

«Քարտեզն այսօր աշխարհում գնալով ավելի մեծ դեր է ունենում: Դա այսօր ամենատարածված փաստաթուղթն է: Եվ ես Բրիտանական թանգարանում գտա մի աշխարհացույց քարտեզ, որը պատրաստվել է Բաբելոնում՝ մեր թվարկությունից 600 տարի առաջ, երեք երկիր է նշված վրան՝ Ասորեստան, Հայաստան և Բաբելոն: Ասորեստանն ու Բաբելոնն այսօր գոյություն չունեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը հավաքել է բոլոր հին քարտեզները, որտեղ նշված է Հայաստանը, և բոլոր այդ հին քարտեզներում կա «Հայաստան» անունը:


Բանախոսը նաև հիշեցրեց մի դրվագ, երբ հայերը կարող էին աշխարհին և թշնամի պետությանը ցույց տալ այդ քարտեզը, բայց չեն արել: «Եթե ցանկանում ենք աշխարհում ճանաչվել, պետք է առաջինը մենք մեզ ճանաչենք: Օրինակ՝ ԵԽ վեհաժողովի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ հայերը Ղարաբաղ են գնացել 19-րդ դարին, մեր պատվիրակությունից ոչ մեկը չասաց՝ բարու՛ն Ալիև, միգուցե նայեք հին քարտեզները: Դա ամենամեծ ամոթն էր, որ մենք ունեցանք Եվրոպական խորհրդում»,- ասաց նա:


Վերջինս նաև հայտարարեց, որ պետք է ներկայացնել բոլորին այդ բաբելոնյան փաստաթուղթը, դա հայ ժողովրդին ուժ կտա ավելի ինքնավստահ լինելու հարցում:


Անդրադառնալով ադրբեջանական կեղծ քարտեզագրությանը՝ նշեց, թե «քանի որ նրանք անցյալ չունեն, գծում են նոր քարտեզներ, որոնց մեջ ցույց են տալիս Պարսկաստանի մեկ քառորդը որպես Ադրբեջան: Բայց երբ դա ցույց ես տալիս քարտեզից գաղափար ունեցող օտարին, դա ավելի քան ծիծաղելի է»:


«Արցախը որպես հայկական հող, նշվում է եվրոպացի բոլոր քարտեզագիրների աղբյուրներում դեռ 14-րդ դարում: Ինչպես նաև գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ Ղարաբաղի և Սյունիքի ժողովուրդն առնվազն 15 000 տարի ապրում են այդ տարածքներում»,-ասաց նա:

 

Հայաստանն աշխարհում ճանաչվելու համար պետք է ցույց տալ բաբելոնյան քարտեզը. քարտեզագետ