Տնտեսագետ, իրավագետ և ծրագրավորող. այս մասնագիտությունները շարունակում են արդիական մնալ. բուհի ռեկտոր
Թեպետ բուհերում ընդունելության քննությունները դեռևս շարունակվում են, բայց ընդհանուր պատկերը պարզ է. այս տարի նախորդ տարիների համեմատ ընդունվողների քանակի նվազում կա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով բուհերում ընդունելությունների, պահանջվող մասնագիտությունների մասին, ասաց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը:
«Սակայն կան մասնագիտություններ, որոնք իրենց ակտուալությունը պահում են, դրանք տնտեսագիտություն, իրավագիտություն բաժիններ են, ակտուալ է նաև կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժինը»,- ասաց ռեկտորը՝ նշելով, թե երբ ինֆորմատիկա առարկան սկսեցին դասավանդել, շատերը թերահավատորեն էին դրան վերաբերվում, սակայն փորձը ցույց է տալիս, որ ծրագրավորողի մասնագիտությունը մեծ պահանջարկ է վայելում յուրաքանչյուր բնագավառում:
Բանախոսը բավականաչափ բարդ խնդիր համարեց աշխատաշուկայի հարցը:
«Շատերը բուհն ավարտում են, բայց աշխատանքի ընդունվելիս խնդիրներ են ունենում: Գործատուները երբեմն չեն վստահում շրջանավարտների ստացած դիպլոմները»,- ասաց Արթուր Աղաբաբյանը՝ նշելով, թե այս հարցի լուծումներից մեկն այն կլինի, որ տարբեր բուհերի միևնույն մասնագիտությամբ շրջանավարտները ավարտական քննությունները հանձնեն միասնական քննական համակարգով:
«Սա մոտեցումներից մեկն է, որի արվելու դեպքում գործատուների կասկածները կվերանային: Պետք է ստեղծվի մի կառույց, որը կզբաղվի աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությամբ, որ ամբողջ հանրապետությունում յուրաքանչյուր մասնագիտության գծով քանի մասնագետ կա և որքան է պետք, և երկիրը մշակի ռազմավարական ծրագիր՝ տվյալ մասնագիտությունով համապատասխան մասնագետներ պատրաստելու գծով»,-առաջարկեց Արթուր Աղաբաբյանը:
Վերջինիս խոսքով խնդիր է նաև լավագույն ուսանողների արտահոսքը, ովքեր արտասահմանում սովորելուց հետո այլևս չեն վերադառնում:
«Պետք է այնպես անել, որ երկրի ինտելեկտուալ պոտենցիալի արտահանման խնդիր չունենանք: Սա կարևորագույն հարց է»,- եզրափակեց բանախոսը:










