Էրդողանը Բաքվում կհայտարարի ռազմավարական համագործակցության նոր փուլի մասին. Независимая газета-ի անդրադարձը

12:35 • 03.09.14

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցին՝ կանխատեսելով, որ այնտեղ Էրդողանը կազդարարի ռազմավարական համագործակցության նոր փուլի մասին: Սա Էրդողանի առաջին այցը չէ Ադրբեջան, սակայն հենց Բաքուն ու Անկարան այս այցը համարում են ռազմավարական համագործակցության նոր փուլի սկիզբ:

 

Աղբյուրը նկատում է, որ Ադրբեջան - Թուրքիա հարաբերություններն արդեն իսկ ռազմավարական բնույթ ունեն: Այս համատեքստում նշվում է, որ ի թիվս այլնի՝ չի շրջանցվի «հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման  խնդիրը»:

 

Օրակարգում են նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր: Առհասարակ Էրդողանի այցի օրակարգը շատ հագեցած է: Պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Էրդողանը կմասնակցի «Շահ Դենիզ» գազատարի շինարարության հիմնարկեքին, որով ապագայում Ադրբեջանից բնական գազ կմատակարարվի Թուրքիա և Եվրոպա:

 

Նշվում է, որ Բաքվում մտադիր են արժանի ընդունելություն ցույց տալ եղբայրական պետության ղեկավարին. այս նպատակով վարորդներին խորհուրդ են տվել հնարավորինս քիչ օգտագործել անձնական մեքենաները: Երթևեկությունը Բաքվի կենտրոնական փողոցներում սահմանափակ կլինի:

 

Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի առաջին այցն արվում է հենց Ադրբեջան, ինչպես ժամանակին Ալիևի առաջին այցն էր կատարվել Թուրքիա: Սա, ըստ աղբյուրի, հարաբերությունների բնույթի ցուցիչ է: Ըստ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշգունի՝ բոլորը պետք է տեսնեն այս բարեկամությունը և փորձեն լինել Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամները:

 

Աղբյուրը փոխանցում է նաև ադրբեջանական մամուլի տրամադրություններն այցի առիթով, ըստ այդմ՝ եթե նախկինում Թուրքիան արևմտյան հանրության համար ադրբեջանական շահերի փոխադրողն էր, ապա այսօր Ադրբեջանն էլ դեր ունի միջազգային քաղաքականության մեջ և կարող է անհրաժեշտ պահի սատար լինել Թուրքիային: Մամուլն արձանագրում է նաև, որ այս երկրներն այլևս օտար օգնության չեն սպասում և առաջին անգամ պատրաստ են առանց հետ նայելու նոր հարաբերություններ կառուցել: Նրանցից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ վստահելի դաշնակցի կորցնել:

 

Արձանագրվում է նաև, որ 1993-ից ի վեր Բաքուն և Անկարան դեռ երբեք այսքան մոտ չեն եղել իրար:  Իսկ աղբյուրը եզրափակում է դիտարկմամբ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով կարդարանան ակնկալիքները: