Մրցունակության վարկանիշով Հայաստանի անկման պատճառները. կարծիքներ
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը գտնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած երկրների մրցունակության վարկանիշային աղյուսակում Հայաստանի 79-րդ տեղից 85-րդ տեղում հայտնվելը պայմանավորված է մի շարք պատճառներով։
«Մենք տարբեր խնդիրներով, ըստ էության, չենք գրանցում ցանկալի աճ, զարգացում։ Մենք ունենք ամենազանազան առումով խոցելիություն՝ արտահանման, արդյունաբերության զարգացման ոլորտներում։ Մեր՝ տեղում դոփելը հանգեցնում է նրան, որ վարկանիշավորման հորիզոնականում այս տարի մենք ավելի վատ տեղ ենք գրավել, քան նախորդ տարի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը Հայաստանն է գրանցել, նա ասաց. «Ես ենթադրում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանում ամենավատ քաղաքականությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով, իրականացվում է ՀՀ-ում։ Մասնավորապես մենք անհրաժեշտ զարգացումներ, նվաճումներ չունենք՝ պայմանավորված այս իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությամբ»։
Հարցին, թե իշխանություններն անընդհատ ասում են, որ բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ջանք չեն խնայում, դա իմիտացիոն քաղաքականություն է, թե իրենք իսկապես ցանկանում են, սակայն չեն կարողանում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Պետք է ենթադրել, որ դրանք պարզապես որևէ ծանրաբեռնվածություն, կշիռ չունեցող խոսքերի գեներացիա է, խոսքեր են՝ ասում են էլի։ Ասում են զանազան, ցանկալի ու դրական բաներ, որոնք իրականում չեն կարող կենսագործել՝ մինչ համապատասխան քայլեր չարվեն»։
Վարդան Բոստանջյանը նկատեց, որ Հայաստանում ոչ ոք՝ ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին դաշտից, չի ցանկանում ներդրումներ իրականացնել։
«Ավելին՝ ցանկանում են հեռանալ մեր երկրից, ավելին՝ բոլոր նրանք ովքեր ցանկանում են փոքր-ինչ կենցաղային բնույթի բիզնես իրականացնել, ստիպված ու պարտադրված դադարեցնում են իրենց գործունեությունը։ Դա ոչ թե վատատեսական տրամադրությունների դրսևորում է իմ կողմից, այլ իրականություն է»,- ասաց նա։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը զեկույցի վերաբերյալ նշեց, որ կդժվարանա մեկնաբանել, թե ֆորումն ինչ հիմքով է նման եզրակացություններ անում։ Նա ներկայացրեց իր դատողությունները, ըստ որի՝ մրցունակության որոշ չափանիշներ պետք է գործեն և պետք է հաշվի առնվեն առաջին հերթին օտար շուկաներում սեփական ապրանքի իրացման կարողությունները, այսինքն՝ արտահանման տպավորիչ և դինամիկ աճը, երկրորդ՝ արտահանման ապրանքների տեսականու բազմազանությունը, ներդրումների համար հրապուրիչ լինելը և ներդրողների համար բավարար պայմաններ ստեղծելը։
«Եթե մենք այս չափանիշների կոնտեքստում նայենք, ապա պետք է արձանագրել, որ մեր արտահանման ծավալները նախորդ տարիների համեմատ՝ կտրուկ անկում չեն ապրել, ճիշտ հակառակը՝ մենք ունենք տարիների ընթացքում արտահանման ծավալների ավելի դինամիկ աճ՝ ներմուծման համեմատ։ Անկասկած մեր տնտեսության մրցունակության համար էական նշանակություն ունեն ապրանքների և ծառայությունների գները, որոնք նույնպես պայմանավորված են կարողություններով, ինչի համար շրջափակումն ամենաբարդ խնդիրն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մենք տարածաշրջանի երկրների համեմատ երրորդ տեղում ենք գտնվում, ապա Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե վերցնենք արտահանման հիմնական առանցքային ապրանքատեսակները, ապա մենք չենք կարող այդ առումով մրցակցել, ենթադրենք՝ Ադրբեջանի հետ, հաշվի առնելով նրանց նավթն ու գազը։ «Մենք չենք կարող մրցակցել Վրաստանի հետ՝ իր արտահանման, տնտեսական գործունեության աշխարհաքաղաքական կամ աշխարհագրական հնարավորություններով։ Հաշվի առնելով գլոբալ տնտեսությունում տեղի ունեցող երևույթները, միգուցե նման ցուցանիշներ կարող են առաջանալ։ Սակայն իմ պատկերացմամբ սա ուղղակիորեն տնեսական անկմամբ չի բացատրվում, գոնե մենք կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ, թեև փոքր, սակայն տնտեսական աճ արձանագրել ենք»,- ասաց նա։
Պատասխանելով մեր՝ իշխանության ծրագրերի արդյունքների և իմիտացիոն քաղաքականության վերաբերյալ հարցին, պատգամավորը ներկայացրեց փաստեր, ըստ որոնց այսօր Հայաստանի տնտեսական կառուցվածքում ունենք շատ լուրջ ու էական տեղաշարժեր՝ հօգուտ վերամշակող ձեռնարկությունների և ընդհանրապես արդյունաբերության։ «Ճգնաժամի հաղթահարման համար ամենահիմնականն այն է, որ տնտեսությունը լինի առավելագույնս դիվերսիֆիկացված, ինչպես ասում են տնտեսագետները՝ բոլոր հավկիթները մեկ զամբյուղում չպետք է դնել։ Այդ տեսակետից վերջին շրջանում բավականին լուրջ տեղաշարժեր են արձանագրվել»,- ասաց նա և հիշեցրեց, որ եթե մինչ ճգնաժամը հիմնական տնտեսական լոկոմոտիվը շինարարությունն էր և հանքահումքային արտադրությունը, ապա այսօր այդպես չէ։
Խոսրով Հարությունյանն ասաց, որ աշխատանքները համակարգային փոփոխություններ են ենթադրում, որոնք արդյունք կտան ժամանակի ընթացքում և այսօր էլ այդ արդյունքներն արդեն քաղում ենք, և մեր պետությունը արտահանման համար ավելի պատրաստ է։ «Ակնհայտ է, որ մեր տնտեսության իրական թռիչքի համար անհրաժեշտ են շատ լուրջ ներդրումներ։ Սա տևական աշխատանք է պահանջում։ Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, հաշվի առնելով այն քաղաքական ռիսկերը՝ ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված, որ մեզանում կան, դա ներդրումների համար պակաս խթանիչ է դարձնում, ինչը իր ազդեցությունը թողնում է»,- ասաց նա։
Մեր հարցին, թե այսինքն զեկույցում արձանագրված այս անկումը պայմանավորված չէ իշխանության, մասնավորապես՝ Կառավարության վատ աշխատանքով, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ Կառավարությունը սկսել է իրականացնել ստվերի դեմ լայնամասշտաբ աշխատանք, սա անկասկած իր արդյունքը տալու է։ Այն որ վարչապետը հռչակել է, որ պետք է հասնել նրան, որպեսզի պետական բյուջեի յուրաքանչյուր դրամը արդյունավետ և նպատակային օգտագործվի, դա ևս նկատելի է»։
ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ զեկույցում կան մի շարք չափանիշներ, 12 հիմնական կետեր իրենց ենթացուցիչներով, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ սկսած բջջային կապի հասանելիությունից, մինչև բիզնեսի համար անհրաժեշտ պայմաններ, վարկերի հասանելիություն, ներդրումների պաշտպանվածություն, որոնց բոլորի հանրագումարը կազմում է մեր երկրի մրցունակության ցուցանիշը, և որով էլ մեր դիրքերը զիջել ենք։
Գայանե Սահակյանը նշեց, որ ամենակարևոր առաջընթացը տեղի է ունեցել տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշում։ «Այս առումով Հայաստանն իր դիրքերը բավականի բարելավել է, 17 կետով առաջընթաց ենք արձանագրել և այժմ գտնվում ենք 85-րդ տեղում և առաջ ենք տարածաշրջանի երկրներից՝ Վրաստանից ու Ադրբեջանից նաև Մոլդովայից, Ղազախստանից։ Տնտեսական մրցակցության մասով ցուցանիշն առավել քան դրական է, և առաջընթացը նկատելի է։ Մենք, իհարկե, չենք ասում, որ դաշտում բոլոր խնդիրները լուծված են և ամեն ինչ հրաշալի է, դեռևս կան անելիքներ, խնդիրներ, սակայն այս առաջընթացը շատ ոգևորիչ է և հանձնաժողովը, իհարկե, նույն տեմպերով կշարունակի աշխատել և դիրքերն ավելի բարելավվել»,- ասաց նա։










