Կրեմլի՝ կայսրության վերականգնման սցենարը չի լինի լուրջ բան առանց Ուկրաինայի. Լևոն Բարսեղյան

16:54 • 03.09.14

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը գտնում է, որ Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունների «հորինումը» Կրեմլի՝ Ռուսական կայսրության վերականգնման սցենարներից մեկն է, և այդ սցենարը չի կարող լինել լուրջ բան առանց Ուկրաինայի, և Ուկրաինայի հանգամանքով է, որ այդ ամբողջ գործընթացը ձախողվում է:


«Դրան գումարվում են ռուսական մի շարք խեղկատակների այն ռեպլիկները, որոնք կատաղեցնում են ոչ միայն հայ հանրությանը, այլև արդեն Ղազախստանի, Բելառուսի ղեկավարություններին: Սա կայսրությանը կորցրած տիրույթների վերադարձման սցենարից է, որն իրենց տեսանկյունից նորմալ է: Ուրիշ բան, որ կարող էին այլ ռազմավարություն ընտրել դրա համար»,-այսօր ՄՄ-ի դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Վերջինս նաև նշեց, որ Ուկրաինայից է մեծ բան կախված, իսկ Հայաստանն այդ հարցում մանրադրամի նման մի բան է:


Իսկ հավանականությունը, որ այդ միությունը չի կայանա, Լևոն Բարսեղյանը հնարավոր համարեց: Նա նշեց, որ դա կարող է լինել շատ ձևական. «Օսեթիային, Աբխազիային կկցեն ու կասեն՝ տեսեք, մենք վեց հոգի ենք։ Այսինքն՝ թաղային ռազբիրատների նման, թե ով քանի հոգով է ներկայանում: Ձևական կմիացնեն ինչպես օրինակ՝ ԱՊՀ-ն է, ՀԱՊԿ-ը և այլն»:


Լևոն Բարսեղյանը նկատեց, որ այդուհանդերձ դա Կրեմլի խնդիրն է, իսկ Հայաստանի խնդիրն այլ է. «Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանությունները մեզնից չեն»: