Էրդողանը չի կարող Սերժ Սարգսյանի հրավերն ընդունել. «Մարմարա»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյան
«Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես ինքն է ձևակերպում՝ փոքրիկ շարժումներին, նկատեց, որ երկու կողմերն էլ պետք է նվազագույնն անեն, «որպեսզի երկու երկրների միջև հարաբերությունները գոնե մի քիչ ավելի բնականոն դառնան», ապա, անդրադառնալով հարցին, որ այդ նախաձեռնությունները միջազգային հանրության դրդմամբ են արվում, ավելացրեց. «Մտածում եմ, որ ավելի լավ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործը առաջ գնա միայն երկու երկրների միջև: Սա, կարծում եմ, ավելի առողջ ձև է, որովհետև Թուրքիայի հանրային կարծիքի հոգեբանությունն այնպես է, որ նույնիսկ եթե ինչ-որ բան ուզեն անել, հետ կկանգնեն, եթե դրսից միջամտություն եղավ»:
-Պարո՛ն Հատեճյան, Էդվարդ Նալբանդյանը մասնակցելով Էրդողանի երդմնակալության արարողությանը, փոխանցել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ներկա լինելու 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Երևանում կազմակերպվելիք միջոցառմանը: Դուք երկար տարիներ հետևել եք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, դատելով սրանից կարո՞ղ եք ասել, կգա՞ Էրդողանը Հայաստան, թե՞ ոչ:
-Անձնապես կկարծեմ, որ Էրդողանը կարելիություն չպիտի ունենա ընդունելու այդ հրավերը, քանի որ սա Թուրքիայի քաղաքականության մեջ շատ նուրբ խնդիր է: Եվ կկարծեմ, որ այդպիսի այցելությանը ո՛չ Էրդողանը տակավին պատրաստ է, ո՛չ էլ թուրք հանրային կարծիքը: Սա շատ խոշոր խնդիր է, գիտեք, որ Թուրքիան մինչ այսօր և մշտապես պայքարում է Հայոց ցեղասպանություն ճանաչելու նկրտումների դեմ, ուրեմն՝ այսպիսի երկիրը, պետությունը կամ անոր կառավարությունը շատ պետք է դժվարանան 100-ամյակի առիթով կազմակերպված սգահանդեսին այցելել և, մասնավորաբար, Ծիծեռնակաբերդ երթալ: Ճիշտ է, որ Էրդողանը 1915-ի զոհերի համար ցավակցություն հայտնեց, և դա արդեն թուրք քաղաքականության մեջ շատ կարևոր առաջին մի քայլ էր, իբրև զիջողության քայլ: Ինչպես նաև հարաբերությունները մի քիչ ավել տանելու ուղղությամբ շատ հաջող քայլ կհամարեմ, բայց կկարծեմ, որ Ծիծեռնակաբերդ 100-ամյակի առիթով գնալը բավականին դժվար գործ պետք է լինի նախագահ դարձած Էրդողանի համար:
-Պարո՛ն Հատեճյան, ՀՀ արտգործնախարարի ներկայությունը այստեղ՝ Հայաստանում, արժանացավ ինչպես դրական արձագանքների, այնպես էլ քննադատության: Թուրքիայի ներսում ապրող հայ ազգային փոքրամասնության կարծիքով՝ պե՞տք է Նալբանդյանը ներկա լիներ, թե՞ ոչ:
-Այո՛, անշուշտ, շատ լավ էր, որ Հայաստանը իր արտաքին քաղաքական գերատեսչական մարմնի ղեկավարի մակարդակով մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը: Եվ մենք՝ որպես համայնք, գոհ մնացինք, որ Հայաստանը իր ներկայացուցչին ուղարկեց այդ արարողությանը, որովհետև այսօր դիմացի կողմից դեպի Թուրքիա բարի կամեցողության և Թուրքիայի փոքրիկ ուրախություններին մասնակցելու խնդիր կա: Երկու կողմից էլ հարաբերությունները բարելավելու այս տեսակ փոքրիկ շարժումները, կարծում եմ, որ շատ դժվար, բայց նույնիսկ պետք է ասեմ՝ անկարելի գործ են: Եվ նպաստավոր քայլերը, կարծում եմ, որ երկու կողմերն էլ գոնե պետք է նվազագույնն անեն, որպեսզի երկու երկրների միջև հարաբերությունները գոնե մի քիչ ավելի բնականոն դառնան:
-Մեզ մոտ գտնում են, որ նման «փոքրիկ շարժումները» տեղի են ունենում միջազգային հանրության և ԱՄՆ-ի դրդմամբ ու նախաձեռնողականությամբ: Բայց ամենակարևոր խութերը քանի դեռ հաղթահարված չեն, այդ «փոքրիկ շարժումները» որքա՞ն կարող են շարունակվել և արդյո՞ք կարող են օգուտ տալ:
-Կարծում եմ, որ արտասահմանից, մասնավորապես, ԱՄՆ-ի պես մեծ երկրների միջամտությունները երբեք ու երբեք նպաստավոր չեն, քանի որ Թուրքիայի իշխանությունները անձնապես շատ լրջորեն ջղայնանում են, երբ արտասահմանից միջամտություն է լինում իրենց քաղաքականությանը: Հետևաբար, ես մտածում եմ, որ ավելի լավ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործը առաջ գնա միայն երկու երկրների միջև: Սա, կարծում եմ, ավելի առողջ ձև է, որովհետև Թուրքիայի հանրային կարծիքի հոգեբանությունն այնպես է, որ նույնիսկ եթե ինչ-որ բան ուզենան անել, հետ կկանգնեն, եթե դրսից միջամտություն եղավ: Սա հոգեբանական կեցվածք է։ Այնպես որ, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունների մեջ երրորդները չպետք է միջամտեն:
-Իսկ Հայոց ցեղասպանության հարցում թուրք հասարակության մեջ ի՞նչ տեղաշարժեր կան հիմա, որովհետև մենք գիտենք, որ շատ թուրքեր գալիս են, այցելում Ծիծեռնակաբերդ:
-Թուրքիայի հանրային կարծիքը հիմա բավականին փոխված է, ավելի ճիշտ մի քիչ ավելի լայն հանրային մթնոլորտ է ստեղծված, որպեսզի ավելի հանգիստ կերպով խոսվի այն մեծ ողբերգության մասին, որ Հայոց ցեղասպանություն կկոչվի: Ասեմ, որ տարիներ առաջ «Հայոց ցեղասպանություն» բառն արտասանելն անգամ հնարավոր չէր Թուրքիայի մեջ, բայց այսօր բազմաթիվ թուրք առաջապահ մտավորականներ, գրագետներ, մասնավորաբար՝ լրագրողներ սկսել են շատ ակտիվ և սրտաբացորեն՝ առանց վախենալու գործածել «Հայոց ցեղասպանություն» բացատրությունը:
-Մտավորականներից դուրս, ընդհանուր հասարակության մեջ, Ձեր կարծիքով ո՞ր տոկոսն է, որ գիտի այդ մասին, խոսում է այդ մասին կամ ցավ է ապրում դրա համար:
-Անշուշտ, տոկոսների մասին խոսել հնարավոր չէ, որովհետև մենք գաղափար ունենք միայն նրանց մասին, ովքեր խոսում են կամ գրում են: Բայց ես անձնապես գտնում եմ, որ կան ուրիշներ, որոնք մտածում են այս մասին ճիշտ այնպես, ինչպես առաջապահ մտավորականները, սակայն առայժմ լռում են: Այդ զանգվածը կա: Այնպես որ, չեմ կարող տոկոսային հարաբերության մասին խոսել, միայն գիտեմ, որ այդ համեմատությունն օրըստօրե ավելի է ավելանում և Թուրքիայի մեջ ավելի մեծ թվով մարդիկ են հիմա սկսել ավելի բաց կերպով խոսել 1915 պատահարների մասին: Կարծում եմ, որ մինչև 1915-ի ապրիլ այս թիվը ավելի պիտի բարձրանա, և Թուրքիայի մեջ մարդիկ շատ ավելի մեծ պատրաստակամությամբ ու համարձակությամբ պետք է խոսեն մեր Հայոց ցեղասպանության մանրամասների մասին: Բայց թե Թուրքիայի պետական կեցվածքը դեպի ուր կգնա, այս պահին չեմ կարող ասել:










