Եվրահանձնաժողովը տուգանել է Samsung-ին և Philips-ին՝ պայմանավորվածության գալու համար
Եվրահանձնաժողովը 138 միլիոն եվրոյով տուգանել է էլեկտրոնիկա արտադրող Samsung, Philips և Infineon ընկերություններին բջջային հեռախոսների և բանկային քարտերի համար չիպերի հարցում գնային պայմանավորվածության գալու համար: Այդ մասին այսօր հայտնել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան, գրում է ИТАР-ТАСС-ը:
Եվրահանձնաժողովը պարզել է, որ էլեկտրոնիկա արտադրողները գաղտնի կոմերցիոն տեղեկություններ են փոխանակել՝ գներ, բանակցությունների և պատվիրատուների մասին տվյալներ և այլն:
Արդյունքում՝ Samsung-ը 35,1 միլիոն եվրո տուգանք կվճարի, Philips-ը՝ 20,1 միլիոն եվրո, Infineon-ը՝ 82,8 միլիոն եվրո:
Renesas Technology ընկերությունը խուսափել է տուգանքից, քանի որ օգնել է բացահայտել գործարքը:
Ալմունիայի խոսքով՝ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել այդ ընկերությունների հետ մեղադրանքները կարգավորելու շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով նրանց մոտ «քննության հետ համագործակցելու պատրաստակամության բացակայությունը»: Քննությունը շարունակվել է ընդհանուր առմամբ 3 տարի:










