Որքան ուժեղ լինի Թուրքիան, այնքան մենք մեզ ավելի ուժեղ կզգանք. Ալիև
Որքան ուժեղ լինի Թուրքիան, այնքան Ադրբեջանն իրեն ավելի ուժեղ կզգա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ալիևը նաև իր ուրախությունն է հայտնել առ այն, որ Էրդողանը եկել է «հարազատ Ադրբեջան»:
Նա առանձին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը բաց սատարելու համար: Նա իր հերթին Թուրքիային խոստացել է միանալ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությանը:
Ալիևը նաև հույս է հայտնել, որ թուրք - ադրբեջանական TANAP՝ տրանսանատոլիական գազամուղի նախագիծը կիրագործվի ժամանակին:
Էրդողանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպման «օրակարգի հիմնական հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: Նա նշել է, որ Ալևի հետ «այդ ուղղությամբ հետագա քայլերն են քննարկվել»:
Տնտեսական համագործակցության կտրվածքով՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ տարեկան առևտրաշրջանառության ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի:
«Մենք երկու պետություն, մեկ ազգ ենք, սա Հեյդար Ալիևի ժառանգությունն է», - նշել է Էրդողանը:










