Այլ պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները շուտով հնարավորություն կունենան դիմել ՀՀ պետական մարմիններին

19:52 • 03.09.14

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը ավարտին է հասցրել www.tundarc.am կայքի ծրագրային աշխատանքները, որի տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը կհաստատվի Կառավարության առաջիկա նիստին: Ըստ Կառավարության նախագծի՝ ակնկալվում է ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ վերադարձող քաղաքացիների համար վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև՝ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն:

 

Ներկայում ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի իրացման պայմաններում այլ երկրներում գտնվելու կամ բնակվելու հանգամանքով պայմանավորված` ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված զրկված է ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին հավասար իրավունքով հայաստանյան պետական մարմիններին դիմելու հնարավորությունից:

 

Ըստ նախագծի՝ ՀՀ վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև՝ սեփական խնդիրների հետ կապված պետական մարմիններին ուղղակիորեն դիմելու սահմանափակ հնարավորությունը և դրանով պայմանավորված անորոշությունը բացասաբար է անդրադառնում հայրենիք կամավոր վերադարձի որոշման ընդունման գործընթացին:


Կայքի վերջնական գործարկումից հետո հնարավորություն կտրվի «մեկ պատուհանի» սկզբունքով խնդիրների վերհանում և հետագայում դրանց իրավական կարգավորում կտրվի: