Երեխաներին, որոնք առհասարակ դպրոց չեն հաճախում, բացահայտելը դժվար է, քանի որ դպրոցներում գրանցված չեն

15:49 • 03.09.14

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սոցիալական պատճառներով դպրոց չհաճախող երեխաների խնդրին, ասաց, որ որևէ ուսումնասիրություն չի արվում՝ պարզելու համար նրանց քանակը, իսկ եթե արվի էլ հնարավոր չի լինի նրանց բացահայտել:


«Մենք մեր փորձով հասկանում ենք, որ սովորաբար պատահաբար ենք հայտնաբերում այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առհասարակ չեն հաճախել դպրոց, կան նաև պարզապես ոչ կանոնավոր հաճախող երեխաներ: Սովորաբար ծնողները պատճառաբանում են սոցիալական վիճակով: Վերջին 10 օրերի ընթացքում գրասենյակ են եկել կամ զանգահարել մոտ 40 ծնողներ՝ պատճառաբանությամբ, որ դասերը սկսվում են և հագուստ, գրենական պիտույք չունենալու պատճառով իրենք չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել»,- ասաց Վահան Թումասյանը՝ նշելով նաև, թե մարզային և քաղաքային իշխանությունների կողմից բավական արագ արձագանքի են արժանանում նման դեպքերը:


Վահան Թումասյանն ասաց նաև, թե այն երեխաները, որոնք առհասարակ դպրոց չեն հաճախել՝ նրանց բացահայտելը շատ դժվար է, որովհետև նրանք դպրոցներում գրանցված չեն, դա նաև մարզպետարանի կրթության բաժինը չի կարող բացահայտել:


«Հստակ թիվ հնարավոր չի ասել, թե քանի երեխա այս կամ այն հանգամանքից ելնելով դպրոց չի հաճախում: Հաճախ տնակային ավաններ այցերի ժամանակ ենք բացահայտում, որ տվյալ երեխան դպրոց չի հաճախում: Սակայն բացահայտված դեպքերով էլ կարող ենք ասել, որ սոցիալապես անապահով ընտանիքներից մոտ 7-10 տոկոսի երեխաները կամ առհասարակ դպրոց չեն հաճախել, կամ շատ անկանոն կերպով են հաճախում»,- տեղեկացրեց Վահան Թումասյանը՝ նշելով նաև, թե գյուղերում այլ է վիճակը, որտեղ երեխաները ստիպված են լինում վաղ հասակից անասնապահությամբ զբաղվել և կանոնավոր չեն հաճախում դպրոց:


Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասել էր, թե նմանատիպ օրինակներ ունենալու դեպքում զանգահարեն ոստիկանություն՝ վստահ լինելով, որ անչափահասների գործերով ստորաբաժանումը պատրաստ է օգնել նման երեխաներին: