Ամերիկյան ընկերությունը պարզել է, թե որքան ժամանակ են անցկացնում կանայք հայելու առաջ

12:49 • 03.09.14

Շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան Harris Interactive ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե որքան ժամանակ են անցկացնում կանայք հայելու առաջ աշխարհի տարբեր երկրներում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Դանիացի կանայք այս ցուցակում անսպասելիորեն զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։ Համաձայն ստացված արդյունքների՝ սկանդինավյան թագավորության 18-40 տարեկան բնակչուհիների գրեթե կեսը (49%), նախքան հյուր գնալը, հայելու առաջ անցկացնում է առնվազն 45 րոպե։

 

Հատկանշական է, որ ըստ այս ցուցանիշի՝ նրանք զիջել են միայն ռուսներին. Ռուսաստանում նույնքան ժամանակ հայելու առաջ վատնում է կանանց 57%-ը։

 

«Դանիացիները ոչ պակաս մանրակրկիտ են վերաբերում իրենց արտաքինին, քան, օրինակ, Հարավային Եվրոպայի կանայք, որոնք հաճախ են կրում ընդգծող զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ և անում գեղեցիկ դիմահարդարում։ Սակայն Եվրոպայի հյուսիսում կանայք ցանկանում են, որպեսզի արտաքինն արտացոլի իրենց էությունը, նրանք ձգտում են լինել անկեղծ»,- ասել է մշակութաբան Էմիլիա վան Հաուենը՝ վստահեցնելով, որ «այդ բնական արտաքինը, որը գեղեցկության սկանդինավյան իդեալ է, մեծ ջանքեր է պահանջում»։

 

Ըստ հարցման արդյունքների՝ ցուցակի 3-րդ տեղում են բրիտանուհիները՝ 44%, նրանց հաջորդում են լեհ կանայք՝ 32%, գերմանուհիները՝ 26%, իսպանուհիները՝ 25%, իտալուհիները՝ 21%, թրքուհիները՝ 21% և ֆրանսուհիները՝ 13%։ Հարցումն անցկացվել է առցանց, մասնակցել է 4.069 կին։
 

Ամերիկյան ընկերությունը պարզել է, թե որքան ժամանակ են անցկացնում կանայք հայելու առաջ