Բողոքի ակցիա Կառավարության դիմաց, նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձերը
Կառավարության նիստից առաջ այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական անգամ հավաքվել են գործադիրի շենքի առաջ և պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձերը։
Նաիրիտցիների հետ հանդիպման իջավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով խոստացավ, որ առաջիկա օրերին նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ։
Նախարարի խոստումն առաջացրեց աշխատողների դժգոհությունը, ովքեր նշեցին, թե բողոքի ցույցերից հետո են միայն հիշում, որ իրենց աշխատավարձ ունեն վճարելու։ Նրանք բացի աշխատավարձերից պահանջում էին նաև հստակեցնել «Նաիրիտի» հետագա ճակատագիրը։
Երվանդ Զախարյանն ասաց, որ սեպտեմբերի 15-ից հետո կմշակվի մի նախագիծ, որով պետք է փորձեն հարցին վերջնական լուծում տալ։
Նախարարի պատասխանները չբավարարեցին նաիրիտցիներին, ովքեր պահանջում էին, որ վարչապետն անձամբ իջնի ու պատասխանի իրենց հարցերին, քանի որ նախորդ ակցիայի ժամանակ վարչապետը խոստացել էր մինչև օգոստոսի վերջ մեզ հստակ պատասխան տալ:
«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը փորձեց կրքերը հանգստացնել՝ ասելով, որ այն ինչ ասում է նախարարը՝ համաձայանեցրած է վարչապետի հետ և ցուցարարներին ոչինչ չի մնում անել, քան սպասել։










