Քանի որ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքը հնացած է, «Եհովայի վկաները» սկսել են «օնլայն» քարոզել. Ա. Ամարյան
Վերջին շրջանում Հայաստանում գրանցված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները նոր մարտավարություն են ընտրել, մասնավորապես՝ զույգ-զույգ մոտենում են ու առաջին հայացքից «բուն» նյութին չառնչվող հարց են տալիս՝ «համացանցում լինու՞մ եք», ապա դրական պատասխանից հետո առաջարկում են ինչ-որ կայք մտնել, որի հասցեն գրված է բրոշյուրում, որը փոխանցում են:
Կայքից անմիջապես հասկանալի է դառնում, որ դա «Եհովայի վկաներ» կազմակերպության կայքն է, քանի որ կարդում ենք՝ «Եհովայի վկաները Ձեզ հետ սիրով կքննարկեն աստվածաշնչյան թեմաներ»։ Կա նաև ծանուցում, որ կայքում կարելի է Աստվածաշունչը կարդալ ավելի քան 100 լեզվով, ստանալ«Աստվածաշնչյան հարցերի պատասխաններ», ինչպես նաև՝ «Աջակցություն ընտանիքին» խորագրի հոդվածներ:
Իսկ կայքում պետք է քննարկվեն այնպիսի ընդգրկուն հարցեր, ինչպիսիք են՝ ո՞րն է կյանքի իմաստը, Աստվա՞ծ է մեղավոր մեր տառապանքների համար, ի՞նչ է լինում մահից հետո և այլն:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Tert.am-ի հետ զրույցում վիճակը ներկայացրեց հետևյալ կերպ. «Օնլայն քարոզչությունը նոր երևույթ է, որը 1991 թվականին ընդունված օրենքում նախատեսված չէ, և քանի որ չկան սահմանափակող դրույթներ, նման գործելակերպը հակաօրինական չի դիտվում»:
«Էն ժամանակ չկար «օնլայն քարոզչություն» հասկացությունը, այն ժամանակ 1991 թվականն էր, հիմա՝ 2014 թվականը, երբ տեխնիկապես ամեն ինչ զարգացել է, մարդիկ անցել են «օնլայն» քարոզչության: Հիմա. սա ո՞նց է գնահատվում ոչ ոք չի կարող այս պահին որոշել, թեև իմ անձնական կարծիքով՝ դա հոգեորսություն է, այսինքն՝ ինտերնետում քարոզչություն է»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Նա միանշանակ այն կարծիքին է, որ օրենքը հնացած է և չի համապատասխանում ժամանակակից իրողություններին, մասնավորապես, նրան, ինչ կոչվում է տեխնիկական առաջընթաց:










