Արտահանման ծախսերի 30% նվազում, երկրորդ ցանքի խթանում. գյուղփոխնախարարը՝ ՄՄ հնարավորությունների մասին
ՄՄ անդամակցության պարագայում մեծ և անսպառ շուկայի հնարավորություն ենք ունենալու, և առանց մաքսազերծման և ավելացրած արժեքի հարկի, որը կազմում է շուրջ 30%, մեր գյուղատնտեսական ապրանքատեսակները ազատ մուտք կգործեն այդ միության շուկա, ինչը գնային առումով դրանք կդարձնի մրցունակ։ Այս տեսակետը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ բացի հացահատիկից, Հայաստանը մնացած գյուղմթերքների արտահանման շատ մեծ ու լուրջ հնարավորություն ունի, և Հայաստանից Ռուսաստան կամ Բելառուս ապրանք տանելը նման կլինի Երևանից կամ Արարատից Տավուշի կամ Գեղարքունիքի մարզ տանելուն։
-Հոկտեմբերի 10-ին նախատեսված է քննարկել Հայաստանի՝ ՄՄ անդամակցության հարցը, անդամակցման դեպքում ի՞նչ հնարավորություններ կստեղծվեն մեր գյուղատնտեսության զարգացման առումով։
-Հիմա մենք հույս ունենք, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում մեծ և անսպառ շուկայի հնարավորություն ենք ունենալու, և առանց մաքսազերծման և ավելացրած արժեքի հարկի՝ մեր գյուղատնտեսական ապրանքատեսակները ազատ մուտք կգործեն այդ միության շուկա, ինչը գնային առումով մեր ապրանքները կդարձնի մրցունակ։ Մեր ապրանքները համային, որակական հատկանիշներով միանշանակ առավելություն ունեն և գնային առումով էլ լուրջ հնարավորություններ կունենանք։ Սա կբերի ներքին շուկայի հավասարակշռված վիճակի և գյուղատնտեսական մթերքների այդ հսկայական ավելցուկը կարտահանվի հանրապետությունից։
-Մասնավորապես, ո՞ր մթերքները կարող ենք արտահանել մեծ ծավալով։
-Բացի հացահատիկից, մենք մնացած գյուղմթերքների արտահանման շատ մեծ ու լուրջ հնարավորություններ ունենք, ինչն անկասկած կբերի գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման մակարդակի ավելացմանը։
-Իսկ մենք ունե՞նք այդքան արտադրանք, որ օգտվենք այդ հնարավորությունից։
-Իհարկե ունենք, ես կարող եմ օրինակներ բերել։ Շատ հաճախ տարբեր հեռուստատեսություններով ցուցադրվել է, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում տոննաներով կարտոֆիլ չի իրացվել, և մարդիկ դժգոհել են, որ ապրանքը փչանում է և որպես անասնակեր են օգտագործում։ Դա իրականություն է, որ բազմիցս լրատվամիջոցներով ներկայացվել է։ Մենք շատ լուրջ և լայն հնարավորություններ ունենք, և կարող ենք 150-200 հազար տոննայից ավելի պարենային կարտոֆիլ արտահանել մեր երկրից։ Մենք կարող ենք առաջիկայում` մի քանի տարիների ընթացքում մինչև 50 հազար տոննայի հասցնել պտղի արտահանումը հանրապետությունից։ Անցյալ տարի 24 հազար տոննա միայն ծիրան արտահանվեց, իսկ մենք ոչ միայն ծիրան, այլ նաև սալոր, կեռաս, դեղձ և բազմաթիվ այլ պտղատեսակներ ունենք, որոնք կարող ենք արտահանել։ Եթե շուկայի հնարավորությունները մեծանան, այդ թվերը կկրկնապատկվեն։ Շատ մեծ հնարավորություններ ունենք հանրապետությունից արտահանելու լոլիկ, պղպեղ, կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ։ Մենք երկրորդ ցանքի համար մեր հողերի շատ քիչ մասն ենք օգտագործում։ Արարատի, Արմավիրի մարզերում հացահատիկի բերքահավաքը կազմակերպում ենք, վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը կատարում ենք, իսկ հետո այդ հողատարածքները մնում են պարապ` մինչև աշնանը ցանք են կատարում։ Սակայն այդ տարածքներում ազատ կարելի է երկրորդ ցանքի հնարավորությունն օգտագործել, որովհետև, երբ արտադրվում է մեծ քանակությամբ կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ այդքան չի սպառվում մեր շուկայում և խնդիր է առաջանում։ Եթե այդ հնարավորություններ ընձեռվի և հանրապետությունից ապրանքները արտահանվեն, երկրորդ ցանքի այդ ամբողջ հնարավորությունները կօգտագործվեն։ Բացի հացահատիկից, որ մենք ինքնաբավ չենք և մեր պահանջարկի 40-ից 45 տոկոսն ենք ապահովում, մնացած բուսաբուծական բոլոր մթերքների առումով մենք 100 տոկոս կարող ենք մեր ներքին պահանջները բավարարել և մեծ քանակություններ արտահանել:
-Շատ է խոսվում, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեզ համար լայն հնարավորություններ են բացում, և նույնիսկ վարչապետն է ուսումնասիրություններ անցկացնելու հանձնարարական տվել: Այս առումով գործնական քայլեր արվե՞լ են, թե՞ դեռևս միայն խոսքի մակարդակում է ամեն ինչ։
-Նախարարի մոտ անմիջապես հրավիրվել է խորհրդակցություն, քննարկումներ։ Մենք հրավիրել էինք գյուղացիական մթերքներ արտադրող և վերամշակող փոքր և միջին արտադրողներին, որովհետև խոշոր արտադրողները տարիների ընթացքում արդեն իրենց կապերը հաստատել են և արտահանման համար ոչ մի խնդիր չունեն։ Իսկ փոքրերը և միջինները, որոնք փոքրածավալ ապրանք են արտադրում նրանց համար, այդ ապրանքների արտահանումն արդեն խնդիր է առաջացնում։ Դրա համար էլ նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է փոքրածավալ արտադրանքները հավաքագրել, մեծ խմբաքանակներ ստեղծել և մեծ շուկա հանել։ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ժամանակավոր երևույթ են. ոչ մեկ չի կարող ասել, թե մեկ ամիս հետո ինչ է լինելու։ Հնարավոր է՝ մեկ ամիս հետո դա հանվի։ Այս ժամանակավոր իրավիճակում պետք է պարզապես առավելագույնը օգտագործել։ Սակայն մեզ համար առավել լայն հնարավորություններ է ստեղծում Մաքսային միությանն անդամակցությունը, որովհետև դա իրավիճակային լուծումներ չի տալիս, այլ՝ լայն ու անսպառ հնարավորություններ արտադրությունը զարգացնելու և արտահանման ծավալները կրկնապատկելու, եռապատկելու համար։
-Մենք այդ հնարավորությունները ունեի՞նք նաև մինչ Մաքսային միություն անդամակցության որոշում կայացնելը։
-Նախկինում էլ մենք այդ հնարավորությունները ունեինք, սակայն մեր ապրանքը ռուսական տարածք մտնելու համար անցնում էր մաքսային սահման, գանձվում էր ավելացրած արժեքի հարկ և մաքսավճարներ, որը բավականին լուրջ թիվ է կազմում, և ապրանքի վրա 30 տոկոս էլ գումարվում էր այդ տարբեր տեսակի հարկեր-տուրքերից։ Հիմա եթե այդ 30 տոկոսը չի գանձվում, դա նշանակում է, որ մեր արտահանողները 30 տոկոս ավելի շահույթ կունենան։ Եթե նույնիսկ 15 տոկոս ունենան, դա ևս շահեկան վիճակ է։ Այստեղից Ռուսաստան կամ Բելառուս ապրանք տանելը նման կլինի Երևանից կամ Արարատից Տավուշի կամ Գեղարքունիքի մարզ տանելուն։
-Իսկ Ռուսաստանի տնտեսական դժվարությունների պարագայում այդ լավատեսական ֆոնն ամեն դեպքում պահպանվո՞ւմ է։
-Չեմ կարծում, որ Ռուսաստանի տնտեսական դժվարություններն այդքան ընդգծված դժգոհություններ են առաջացնում։ Իմ կարծիքով՝ Արևմուտքն է ավելի շատ փորձում ցույց տալ, որ Ռուսաստանն այդքան շատ խնդիրներ ունի, քան կա։ Ռուսաստանը հզոր և անծայրածիր երկիր է, և այդ խնդիրները կարող են նպաստել, որ Ռուսաստանում տնտեսությունն ավելի զարգանա։ Պարզապես մենք պետք է շատ հեռանկարային և լուրջ ծրագրեր իրականացնենք և օգտվենք այս բարենպաստ հնարավորություններից, որ ստեղծվել է Հայաստանի համար։
-Իսկ որակական առումով մեր արտադրանքն անկում չի՞ ապրի՝ հաշվի առնելով այնտեղի չափանիշները. այդ առումով ինչպե՞ս եք գնահատում ԵՄ կուրսից հրաժարվելու պատճառով կրած կորուստը։
-Մենք դեռևս չենք կարող թվարկել թարմ բուսաբուծական մթերքներ, որոնք մենք Եվրոպական Միության երկրներ ենք արտահանել, մեր ողջ արտադրանքը անցյալում էլ, հիմա էլ և համոզված եմ՝ ապագայում էլ ռուսական շուկա է գնալու։ Մենք 24 հազար տոննա ծիրան ենք արտահանել, որից մի քանի հարյուր կգ-ներ կարելի է հաշվել, որոնք եվրոպական շուկա են գնացել։ Այնպես որ մեր բուսաբուծական արտադրանքը եվրոպական շուկայում առանձնապես ճանաչված չէ, և շատ չնչին քանակություններ են արտահանվել, մեր հիմնական շուկան եղել է ռուսական շուկան։
-Որը որակով ավելի ցածր չափանիշներ ունի, քան ԵՄ-ն։
-Ես այդ կարծիքին չեմ, մեր արտադրանքը բավականին որակյալ արտադրանք է, որը դուրս է գալիս ռուսական շուկա։ Այնտեղ էլ կան ստանդարտներ, պահանջներ, որոնք պետք է ապահովվեն։ Այնպես չէ, որ ռուսական շուկայում ինչ ցանկանաս, կարող ես իրացնել։










