Ամուսնալուծությունների հիմնական պատճառը՝ տղամարդիկ գնում ու չեն վերադառնում. իրավաբան
Ամուսնալուծությունների թվի ավելացման հիմնական պատճառներից մեկն ընտանիքների սոցիալական ծանր վիճակն է, զույգերի հիմնական խնդիրները կենցաղային են, ինչից դրդված՝ շատ անապահով ընտանիքներում ամուսինները Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով գտնվում են արտերկրում: Տղամարդիկ գնում են և չեն վերադառնում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձեր իրավախորհրդատու» ՍՊԸ-ի հիմնադիր Վարդան Խեչյանը՝ ներկայացնելով ամուսնալուծությունների թվի աճի հիմնական պատճառները:
«Պատճառներից է նաև այն, որ բոլոր դեպքերում հիմա մենք ապրում ենք ինտերնետային դարում, և ինֆորմացիայի շատ մեծ հոսքերի պատճառով մարդկանց մոտ մեծ տեղեկատավություն է կուտակվում, որն էլ ամուսնալուծությունների պատճառ է դառնում»,-ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ ներկա պահին որոշ մարզերում չկան ամուսնալուծության վկայականներ, ինչը նույնպես պայմանավորված է նրանով, որ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծությունների տոկոսային հարաբերությունը բավականին մեծացել է, մոտ 30 տոկոսով ավելացել են ամուսնալուծությունների դեպքերը:
Իրավաբանը նաև նշեց, որ ամուսնալուծությունների դեպքում երեխաների հարցը հիմնականում որոշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Եթե չկա փոխադարձ համաձայնություն, ապա ծնողներից մեկը կարող է դատական կարգով պահանջել, որ երեխայի նկատմամբ ստանձնի խնամակալություն:
Հիշեցնենք, որ ինչպես այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ թեև տարեսկզբին նախատեսվել է ձեռք բերել ամուսնալուծության 3000 վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը:










