Մեքսիկայում 9 մլրդ դոլար արժողությամբ «ճախրող» օդանավակայան կկառուցվի

12:58 • 04.09.14

Հայտնի բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը Մեքսիկայում 9,16 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայան կկառուցի, գրում է gazeta.ru-ն՝ The Financial Times-ին հղումով: Ֆոսթերի խոսքով՝ համալիրն իրենից կներկայացնի «ճախրող և նորարարական կառույց»:

 

Ինչպես նշում է Financial Times-ը, մրցույթին մի քանի դիմում է ներկայացվել, սակայն հաղթել է մեքսիկացի ճարտարապետ Ֆերնանդո Ռոմերոյի (միլիարդատեր Կառլոս Սլիմի դստեր ամուսնու) հետ Ֆոսթերի համատեղ նախագիծը:

 

Մեխիկոյի նոր միջազգային օդանավակայանը կլինի «X» լատինական տառի տեսքով: Դիզայնի ժամանակ հաշվի են առնվել երկրի խորհրդանիշները և Մեքսիկայի հնագույն քաղաքակրթությունների յուրահատկությունները: Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել վեց թռիչքուղի:

 

«Դա կլինի ժամանակակից Մեքսիկայի խորհրդանիշը»,- հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն՝ ներկայացնելով նախագիծը: Թե երբ կսկսվի շինարարությունը, չի հաղորդվում: