ՆԱՏՕ-ն փոխում է ռազմավարությունը Եվրոպայում՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին. ամերիկացի գեներալ
ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները և Ռուսաստանի գործողությունները, փոխում է իր ռազմավարությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ով մասնակցում է Ուելսում դաշինքի գագաթաժողովին, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք հանդես ենք եկել լուրջ նախազգուշացմամբ (Ռուսաստանի հասցեին), մեր դաշինքը ցուցադրել է համերաշխություն, ամրություն անվտանգության միջոցների ընտրության հարցում ոչ միայն մայրցամաքի հյուսիսում, այլև կենտրոնական մասում և հարավում»,- նշել է նա: Նման քայլեր կձեռնարկվեն մշտական կարգով, վստահեցրել է ամերիկացի գեներալը:
«Ինչպես սպասվում է՝ ներկայիս գագաթաժողովի ժամանակ մենք մեր հավատարմությունը կհայտնենք այդպիսի քայլերին՝ Եվրոպայում նոր իրավիճակին հարմարվելու նպատակով։ Մենք պետք է մեր ուժերը Եվրոպայում ավելի շարժական դարձնենք՝ նվազեցնելով դրանց տեղակայման ժամանակը»,- ընդգծել է նա:
Տվյալ ջանքերը, նրա խոսքով, «ուղղված են անհրաժեշտության դեպքում ագրեսիայի ակտերին ավելի արագ, վճռական պատասխան տալու պայմանների ստեղծմանը»:










