Ուելսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

10:09 • 04.09.14

Ուելսի Նյուպորտ քաղաքում հինգշաբթի մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, պետությունների ղեկավարներն առաջին օրը կքննարկեն Աֆղանստանի և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր, գրում է Взгляд-ը:

 

Դեռևս աշխատանքային ծրագրի սկսվելուց առաջ կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթը, ով կներկայացնի միջոցառման կոնտեքստը, իսկ այնուհետ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ կդիմավորի երկրների առաջնորդներին:

 

Ուելսի համար նման մասշտաբի գագաթաժողովն աննախադեպ է: Կազմակերպիչների համաձայն՝ այն կպահանջի «անվտանգության ապահովման ոլորտում բրիտանական ոստիկանության պատմության ողջ ընթացքում ամենախոշոր գործողություններից մեկը»:

 

Celtic Manor հանգստավայրը 13,5 կիլոմետր շրջագծով շրջափակված է լինելու հատուկ ցանկապատերով, և դրանցից ներս անցնելու ցանկացած փորձ կավարտվի ձերբակալությամբ:

 

Միջոցառման անցկացման վայր է բերվել մոտ 10 հազար ոստիկան՝ երկրի տարբեր շրջաններից: Գագաթաժողովի հարթակում տեսանելի է նաև Միացյալ Թագավորության զորքերի տարբեր ջոկատների զինծառայողների ներկայությունը, որոնք ապահովում են փաստաթղթերի մշտական ստուգումները, հերթապահություն են անցկացնում բոլոր մուտքերի մոտ:

 

Բոլոր ջանքերը ձեռնարկվում են հատուկ նշանակության 185 անձանց, այդ թվում՝ երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև 4 հազար պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար:


Համաձայն տեղեկությունների՝ Ուելսի գագաթաժողովին ժամանել է մոտ 2 հազար լրագրող: