Թուրքիան ավելի ճիշտ կանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր կողմից Կիպրոսի 38%-ի զավթման հարցը բարձրացնի. ԱԺ փոխնախագահ

20:08 • 04.09.14

Հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, և ցանկացած նախապայման մեզ համար անընդունելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Բաքվում Թուրքիայի նորընտիր Նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե մինչև ԼՂ հարցը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։


«Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը կամ հայ-թուրքական արձանագրությունների կարգավորումը տեսնում ենք բացառապես առանց նախապայմանների»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։


Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցն ընդգրկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում,  Շարմազանովը խորհուրդ տվեց Թուրքիային՝ բարձրացնել իր կողմից ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի Հանրապետության ապաշրջափակման հարցը։ «Թուրքիան ավելի ճիշտ կանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բարձրացնի Կիպրոսի 38%-ի զավթման հարցը, որն օկուպացված է պահում, և եթե Ադրբեջանի մասին այդքան մտածում է կամ այդքան խաղաղասեր է, առաջարկում եմ, որ գագաթնաժողովին Էրդողանը կամ թուրքական կողմն ա´յդ հարցը բարձրացնի, ո´չ թե Ղարաբաղյան հիմնախնդիրը կամ Ադրբեջանի հարցերը»,-ասաց նա։


Իսկ թե կարելի՞ է ենթադրել, որ փորձ է արվում ԼՂ հարցը տեղափոխել ՆԱՏՕ-ի կարգավորման շրջանակ՝ Շարմազանովը հակադարձեց. «Իհարկե՝ ո´չ, ԼՂՀ-ի հարցով մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, և գոնե այս հարցով երեք համանախագահն էլ միասնական են, և հարցի լուծման սկզբունքները նշված են. խոսքը ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին է, և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության հարց չի կարող դրվել։ Եթե մի բան կարող է փոխվել ԼՂ հարցի կարգավորման ձևաչափում, դա այն կարող է լինել, որ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ»։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպմանը, ապա Շարմազանովը նկատեց, թե կոռեկտ չի համարում մինչև հանդիպումը խոսել այդ մասին, մինչդեռ ընդգծեց, որ հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել խաղաղ բանակցություններին. «Հայկական կողմի տրամաբանությունը մեկն է՝ մենք գտնում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի,  և խաղաղ կարգավորման համար բանակցություններն անհրաժեշտ են, իսկ հանդիպում կլինի, թե ոչ՝ սա այլ հարց է»։