Թաթարստանի արդարադատության նախկին նախարարի որդուն 47 մլն ռուբլու յուրացման մեղադրանք է ներկայացվել
Թաթարստանի արդարադատության նախկին նախարարի որդուն՝ Իլդար Կուրմանովին, մեղադրանք է ներկայացվել ֆրանսիական «Լերուա Մերլեն» ընկերությունից 47 մլն ռուբլի յուրացնելու համար, հայտնել է Թաթարստանի գործերով ՌԴ Քննչական կոմիտեի քննչական վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Շեպտիցկին:
Կուրմանովին մեղադրանքներ են ներկայացվել 6 հոդվածներով՝ «Խարդախություն», «Հանցավոր միջոցների օրինականացում», «Ոչ իրավաչափ գործողություններ սնանկացման ժամանակ», «Յուրացում կամ վատնում», «Կանխամտածված սնանկություն», «Պաշտոնական դիրքի չարաշահում», հայտնում է vz.ru-ն:
2011 թվականի հոկտեմբերին Կուրմանովը, ներկայանալով Թաթարստանի էներգետիկայի նախարարության իրավաբանական բաժնի պետ, դիմել է «Լերուա Մարլեն Վոստոկ» ընկերությանը և պայմանագիր կնքել ջերմային և էլեկտրական ցանցերին միանալու մասին: Շինմոնտաժային աշխատանքները պետք է աներ մի կազմակերպություն, որի ղեկավարը, ըստ փաստաթղթերի, Կուրմանովի մայրն է:
«Լերուա Մերլեն Վոստոկ»-ն այդ կազմակերպության հաշվին փոխանցել է 47 մլն ռուբլի: Երբ «Լերուա Մերլեն»-ը դիմել է ոստիկանություն և հարուցվել է քրեական գործ՝ Թաթարստանի արդարադատության նախարար Միդհատ Կուրմանովը հրաժարական է տվել:










