Նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վկայությունն է, որ ՀՀ–ն շարունակում է մնալ դաշինքի գործընկեր. Թ. Պողոսյան
Այն, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, վկայում է, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շարունակում է մնալ վստահելի գործընկեր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի գրասենյակից տեղեկացրել էին, որ Հայաստանը ՀՀ Նախագահի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մակարդակով մասնակցում է, որ Ուելսի մայրաքաղաքում տեղի ունենալիք գագաթնաժողովին։
«Եվ հնարավորության դեպքում Հայաստանը կխորացնի համագործակցությունը: Այսօրվա դրությամբ մենք ունենք արդեն հերթական հաստատված ԱԳԳԾ-ն՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը , և այս ընթացքում տեղի են ունեցել հերթական համագործակցության շրջանակները: Հայաստանն ու ՆԱՏՕ-ն դինամիկ հարաբերությունները սկսեցին 2004թ.-ից , երբ երկու կողմերի միջև ստորագրվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը»,–ասաց Թևան Պողոսյանը։
Նշենք, որ այս համագործակցության ծրագրերը վերաբերում են ՆԱՏՕ-Հայաստան խաղաղապահ համատեղ առաքելությունների իրականացմանը։ Ի լրումն, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղին ամփոփելով Թևան Պողոսյանը՝ նշեց. «Սա ոչ միայն խաղաղապահներն են, այլև կա այսպես կոչված isntitutional integrity ուսումնասիրություն, որն իրենից ներկայացնում է, թե ինչպես կարող է լինել առկա բոլոր կառույցների միջև համագործակցությունը և դրանից դուրս՝ ամբողջական համագործակցությունը իր երկրում: Հիմա այս բոլոր առումներով, ՆԱՏՕ-ն իր գիտելիքն է տրամադրում, և Հայաստանը փորձում է անել ամեն հնարավորը՝ իր ռազմական և քաղաքական պոտենցիալի հզորացման իմաստով: Բացի դրանից հետո, չմոռանանք, որ եղել է օժանդակություն մեր անվտանգության ռազմավարությանը, մեր պաշտպանական դոկտրինին, և այլ տեսակի բոլոր փաստաթղթերին: Կամ, երբ Պաշտպանության նախարարությունն անցավ բարեփոխումների, որոնցում մի մեծ բաժինը հենց ՆԱՏՕ-ինն էր, երբ Գլխավոր շտաբը առանձնացավ ՊՆ-ից: Եվ այս իմաստով, մենք վերցրել ենք այն ամենը, ինչը կհզորացներ մեր ռազմական համակարգը»:










