Օրենքը հրատապ ռեժիմով են քննարկում, որպեսզի ՀԲ-ի պայմանները կատարեն ու տրանշ ստանան. Արամ Մանուկյան
Նախորդ նստաշրջանին 60 օրենք կառավարությունը հայտարարել է անհետաձգելի, մեկ օրում երեք ընթերցմամբ օրենք է ընդունվել, իսկ սա նշանակում է, որ մեզ հնարավորություն չի տրվում մտնել օրենքի բովանդակության մեջ. ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դժգոհեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
Նշենք, որ օրենքը պետք է ընդունվի 24 ժամյա ռեժիմում:
«Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ չունի կառավարությունը ռազմավարություն, պլան, որ կարողանա իր ծրագիրը երեք ամիս առաջ կազմակերպել։ Մենք չենք հասցնում օրենքի նախագծի բովանադակությունն ընկալել, ես այստեղ տեսում եմ հստակ վատ միտք»,-ասաց նա և պահանջեց ասել ճշմարտությունը։
Այնուհետև ինքն անձամբ բացեց փակագծերը. «Իսկ ճշմարտությունն այն է, որ Համաշխարհային բանկի պայմանները չի կատարվել, և ստիպել են, որ կատարեք, որ տրանշ ստանաք»,-նշեց նա և հիշեցրեց, որ օրենքը փոփոխված տարբերակով ընդամենը երկու ամիս առաջ է ընդունվել և այսօր կրկին լրացման անհրաժեշտություն կա։
Նա կրկին ներկայացրեց մոնիտորինգից տվյալներ, ըստ որի՝ հինգ ամսվա ընթացում ԱԺ-ն անց է կացրել 66 օրենքի նախագիծ, իսկ 5 օրվա մեջ 77 կարևորագույն օրենքներ։
Ի դեպ, ըստ Արամ Մանուկյանի՝ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն է՝ նպաստել գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:










