Թուրքիան իրավական հիմքեր ունի ԱՄՆ-ից պահանջելու հայտնի կրոնական առաջնորդ Գյուլենի արտահանձնումը. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ հնարավոր է դարձել թուրք կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը պահանջել ԱՄՆ-ից, հայտնում է Internethaber.com-ը:
Դավութօղլուն, մասնավորապես, ասել է, որ Թուրքիայի զարգացումներին միջամտող գործչի գործունեության առիթով հետաքննությունը թույլ է տվել հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք էլ հենց արտահանձնում պահանջելու հիմք են տալիս:
Լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիայի քաղաքական բնագավառին դրսից միջամտելու փորձերի առկայության դեպքում Թուրքիան էլ իրավունք ունի կանխել նման փորձերը:
Ըստ Դավութօղլուի՝ ակնհայտ են կապերն այժմ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող Գյուլենի և Թուրքիայում իշխանությունը տապալելու փորձերի միջև:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գյուլենի արտահանձնման հարցն ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների առարկա էր դարձել ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթաժողովում: Գյուլենի անունը կապվում է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա որդու և մերձավոր շրջապատի կոռուպցիոն գործունեությունը բացահայտած գաղտնալսումների հետ:










