Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են դիվանագետներին օգտվել բջջային կապից

15:40 • 08.09.14

Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և երկրում գործող միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցչություններին առանց թույլտվության օգտվել անլար կապից: Արգելքի տակ են հայտնվել նաև արբանյակային կապը և Wi-Fi տեխնոլոգիան, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես բացատրել է Ռադիոալիքների վերահսկողության ազգային վարչությունը, դա արվել է «երկրի անվտանգության ապահովման շահերից ելնելով»: Վարչությունը պահանջել է լրագրողներից և դիվանագետներից հեռացնել անլար կապի համակարգի բոլոր ընդունիչները և հաղորդակները, որոնք տեղադրվել են առանց պաշտոնական թույլտվության:

 

Այդ պահանջը չկատարելու դեպքում սպասվում է խոշոր տուգանք, նման համակարգերի աշխատանքի հարկադիր դադարեցում կամ սարքավորման առգրավում՝ կախված հանգամանքներից: Ապագայում, ինչպես հայտարարել են Փհենյանում, անլար կապի համակարգերի տեղադրումն անհրաժեշտ է համաձայնեցնել տեղի իշխանությունների հետ:

 

Չնայած նրան, որ ԿԺԴՀ-ում ակտիվորեն զարգանում են բջջային կապի ծառայությունները, արտասահմանից հյուսիսկորեական համարի զանգելը կամ հակառակը՝ անհնար է: Երկրում նաև բացակայում է Wi-Fi-ը: Մասնավորապես՝ Samjiyon պլանշետային համակարգիչը, որի ստեղծման մասին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին 2013 թվականի հունիսին, չի սպասարկում Wi-Fi ցանցերը:

Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելել են դիվանագետներին օգտվել բջջային կապից