Որևէ վտանգ քառյակի գործունեությանը չեմ տեսնում. քառյակը վաղը կքննարկի իշխանությանը տրված ժամկետի հարցը. Լ. Զուրաբյան
Որևէ վտանգ քառյակի գործունեությանը չեմ տեսնում, որովհետև քառյակի օրակարգն առանց այդ էլ շատ լայն է. Tert.am-ի հարցին ի պատասխան, թե հաշվի առնելով քառյակում առկա տարաձայնությունները, հնարավո՞ր է՝ քառյակը տարանջատվի, ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Հարցին, թե քառյակի օրակարգը դեռ ուժի մե՞ջ է, և թեժ աշուն դեռ կլինի՞, ՀԱԿ պատգամավորը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ է փոխվել, դուք ամեն օր, ի՞նչ է, պետք է լսեք, որ ուժի մեջ է, որ հավատա՞ք, որ ուժի մեջ է»։
Զուրաբյանը նշեց, որ եթե անհանգստությունն է պատճառը, ապա ինքը կարող է շնորհակալություն հայտնել և ասել. «Մի քիչ վստահ եղեք մեր բռնած գործի վրա»։
ՀԱԿ պատգամավորը հայտարարել էր, որ իրենց համար ի սկզբանե էլ պարզ է եղել, որ կառավարությունը դատապարտված է տապալման։ Հարցին, որ քառյակի որոշ ներկայացուցիչների համար ժամանակ էր պետք դա հասկանալու, արդյո՞ք այդ ուժերի համար դեռ ժամանակ է պետք, Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է և հասկանում են, որ հանրապետական ռեժիմն այլևս սպառված է, և ոչ մի բարելավում նրանից սպասել հնարավոր չէ»։
Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակի առաջիկա հանդիպումը կլինի վաղը։ «Քառյակի համագործակցությունն այսօր էլի տեսաք, այն հայտարարությունը, ինչ-որ արեցի արտագաղթի վերաբերյալ, քառյակի մոտեցումն է»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ քառյակի վաղվա օրակարգը դեռ ձևավորված չէ. «Քառյակի օրակարգը ձևավորում է հետևյալ կերպ, բոլոր ուժերն անում են իրենց առաջարկները օրակարգի վերաբերյալ, ձևավորում է օրակարգ, և այդ օրակարգով սկսվում են քննարկումները»։
Իսկ թե իրենց առաջարկը ո՞րն է լինելու, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այն ժամկետը, որ տվել էին իշխանություններին 12 կետերի հարցով, արդեն ավարտվում է։ «Ակնհայտ է, որ մեր պահանջները կամ ավելի ճիշտ է ասել՝ ժողովրդի պահանջներն իրագործված չեն և պետք է արդեն մտածել մեր հետագա քայլերի մասին։ Տեխնիկապես, իհարկե, մինչև սեպտեմբերի 30-ը հետագա քայլերի վերաբերյալ մենք իրավունք էլ չունենք ինչ-որ բան ասելու, որովհետև պետք է պահել ժամկետը։ Տեսականորեն չի բացառվում, որ վերջին երեք օրվա ընթացքում կառավարությունը ղռռալով անցկացնի օրենքներ և ընդունի որոշումներ, որ պահանջել ենք, բայց սա, իհարկե, տեսականորեն, դրա համար եմ ասում, որ պետք է ժամկետը պահվի, որից հետո կորոշենք մեր անելիքները, որից հետո արդեն ժամանակը կլինի նաև հանրահավաքի օրվա նշանակման համար»,-եզրափակեց նա։










