ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշ ձևակերպումներ ընտրովի մոտեցում են արտահայտում և վնասում են բանակցային գործընթացին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, այնուհետև համատեղ մամլո ասուլիսին երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ու լրագրողների հարցերին տրված պատասխանները։
Ներկայացնելով Սեբաստիան Կորցի հետ իրենց հանդիպման մանրամասները՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.«Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից: Անդրադարձանք այս հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցելության ընթացքում և դրան նախորդած Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր զրույցը նաև աշխատանքային ճաշի ընթացքում։
Ուրախ եմ, որ պարոն Կուրցի հետ Հայաստանում է գտնվում Ավստրիայից գործարարների մեծ խումբ, հատկապես էներգետիկայի ոլորտից: Կարծում եմ, որ դա խթան կարող է հանդիսանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման իմաստով:
Մենք կարծիքներ փոխանակեցինք` ինչպես ընդլայնենք արդեն բավական հարուստ իրավապայմանագրային դաշտը, որը գոյություն ունի։ Մեր երկու երկրների միջև մոտ քսան պայմանագիր է ստորագրված: Խոսեցինք այն մասին, թե ինչպես ակտիվացնենք միջխորհրդարանական կապերը, նաև նշեցինք, որ մեծ հնարավորություններ կան ապակենտրոնացված համագործակցության զարգացման համար:
Կարևորեցինք պարբերական խորհրդակցությունների անցկացումը արտաքին գործերի նախարարությունների միջև: Մենք մշտապես հանդիպումներ ենք կազմակերպում արտաքին գործերի նախարարների, ԱԳՆ-երի ներկայացուցիչների միջև տարբեր միջազգային ֆորումների ընթացքում, և մենք շարունակելու ենք այդ բարի ավանդույթը, որը, ստեղծվել է երկու արտաքին գործերի նախարարությունների միջև»։
- Պարո՛ն Նալբանդյան, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Եվ ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի մասին պայմանավորվածությունը։
-Վստահ եմ, որ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։
Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:
Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին:
Ուկրաինայի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները և հուսով ենք, որ դրանք կյանքի կկոչվեն, արդեն սկսել են կյանքի կոչվել, և դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու, հարատև կարգավորման գնալ:
-Ինչպե՞ս է ընթանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, և ի՞նչ դեր է խաղում այդտեղ ղարաբաղյան հարցը։
-Բանակցություններն ընթանում են բնական հունով, և, կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն, իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը:
-Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակում է, որ ԵՄ հետ Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է։
-Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը:










