Ռուսաստանը կարող է փակել օդային տարածքն արևմտյան ավիաընկերությունների համար
Եթե Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանվեն, ապա երկիրը ստիպված կլինի պատասխանել ասիմետրիկ կերպով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ведомости» թերթին տված հարցազրույցում կառավարության ղեկավարը կրկին հստակեցրել է, որ խոսքն արևմտյան ավիաընկերությունների ինքնաթիռների համար Ռուսաստանի երկինքը փակելու մասին է:
«Եթե արևմտյան ավիափոխադրողները մեր օդային տարածքից դուրս թռչեն, դա կարող է բազմաթիվ ավիաընկերությունների սնանկության հանգեցնել»,- բացատրել է նա:
Խոսելով Ռուսաստանի արդեն իսկ սահմանած պատասխան պատժամիջոցների՝ սննդամթերքի բազմաթիվ տեսակների ներմուծման արգելքի մասին, Մեդվեդևը հարցրել է՝ «իսկ ինչո՞ւ տաք շրջաններ ունեցող հսկայական երկրում պետք է մշտապես արտասահմանյան մրգեր ուտեն» և օրինակ է բերել Լեհաստանին, որին հաջողվել է «բավականին արդյունավետ այգեգործություն ստեղծել»:
Հարցազրույցում վարչապետը նաև մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Ռուսաստանի հնարավոր դուրս գալու և երկրի Սահմանադրությունից միջազգային համաձայնագրերի առաջնահերթությունը հանելու մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի համակարգն «այժմ բավականին ծանր ժամանակներ է ապրում», իսկ դատարանի որոշ որոշումներ «հավասարակշռություն են պահում իրավունքի և քաղաքականության միջև»:










