Ավազե փոթորիկը ծածկել է Արիզոնայում գտնվող քաղաքը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքով հսկայական ավազե փոթորիկ է անցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավերածություններ և զոհեր, բարեբախտաբար, չկան, սակայն տեղի բնակիչները ստիպված են եղել նյարդայնանալ:
Մի քանի հարյուր մետր բարձրությամբ ավազե պատը գրեթե կլանել է քաղաքի բոլոր փողոցները: Խիտ դեղին «վարագույրը» թաքցրել է արևը: Տեսանելիությունն ընկել է մինչև զրոյի:
Խիտ ամպը ծածկել է նաև տեղի օդանավակայանը: Որոշ ինքնաթիռներ կարողացել են թռչել բառացիորեն րոպեներ առաջ, մինչ օդանավակայանի ողջ տարածքը կհայտնվեր ավազե փոթորկի մեջ:
Արագացված ժամանակով տեսանյութում երևում է, թե ինչպես է փոթորիկը մոտենում օդանավակայանին:










