Քառյակը հայտարարել է, որ սպասելու է մինչև սեպտեմբերի 30-ը. Տիգրան Ուրիխանյան

15:54 • 08.09.14

Սեպտեմբերի 30-ն այն ժամկետն է, որը տրվել է իշխանությանը՝ 12 կետերի պահանջը կատարելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, համանուն ԱԺ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Հարցին, թե պահպանվո՞ւմ է արդյոք ԲՀԿ կոշտ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, պատգամավորը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է փոխվի»:


-Պարո՛ն Ուրիխանյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ազդարարեց քաղաքական նոր սեզոնի մեկնարկը և խոսեց պատգամավորների բացակայության անթույլատրելիության մասին: Համաձայն մոնիտորինգի` Ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու պատգամավոր Գուրգեն Արսենյանն ամենաշատ բացակայած պատգամավորների թվում են, և այս նստաշրջանի մեկնարկն էլ տրվեց նրանով, որ պարոն Ծառուկյանը բացակայում է:


-Պարոն Ծառուկյանը մշտապես վարում, համակարգում կոորդինացնում ու կազմակերպում է ԲՀԿ խմբակցության գործունեությունը և յուրաքանչյուր քայլ, նախաձեռնություն, հրապարակային գործողություն, բնականաբար, իր ղեկավարմամբ է տեղի ունենում: Եվ, բնականաբար, այդ բոլոր քայլերը նպաստում են ՀՀ քաղաքացու պրոբլեմների լուծմանը,վերհանվում են դրանք և դրանով էլ տրվում է պատասխան: Ես կարծում եմ` ՀՀ քաղաքացուն առաջնայնորեն հետաքրքրում է` ինչ են անում քաղաքական ուժերը իրենց ` քաղաքացիների իսկ կյանքում որակական փոփոխություններ իրականացնելու համար, քան պարզապես ընթացակարգային ինչ-որ հարցեր:


-Սեպտեմբերի 8-ը պետք է լիներ այսքան չարչրկված թեժ աշնան մեկնարկը, մինչդեռ, մենք մի այլ բանի ականատես եղանք, 12 կետերի մասին փոխարեն Ձեր խմբակցության անդամը խոսեց հանրային ծառայության համարանիշների մասին: Ի՞նչն էր պատճառը, որ, փաստորեն, հանրության սպասումները չարդարացան, քառյակը չխոսեց այդ կետերի մասին, փոխարենը նոր «շտրիխ» մտավ, որպես նոր թեմա օրակարգում է այլևս արտագաղթը:


-Հանրային ծառայողի համարանիշների հարցը կարևորագույն հարց է, քանի որ վերաբերում է չափազանց կարևոր ու բազմաթիվ գործառույթների, որոնք իրականացնում է մարդը իր գործունեության ընթացքում: Ինչ վերաբերում է 12 կետերին, գիտեք, որ մինչև սեպտեմբերի 30–ն է այն ժամկետը, որ հայտարարվել է ոչ իշխանական ուժերի կողմից։ Տեսականորեն որևէ քայլեր գուցեև ձեռնարկվեն, այնուամենայնիվ քառյակը հայտարարել է, որ սպասելու է մինչև այդ ժամկետի ավարտը: Դրանից հետո տեղի կունենան համապատասխան և համարժեք քայլեր:


-Բայց չէ՞ որ տեխնիկական քայլեր կան, որոնք անհրաժեշտ են։


- Սեպտեմբերի 30-ն այն ժամկետն է, որը տրվել է իշխանությանը՝ 12 կետերի պահանջը կատարելու համար:


- Լավ, եթե քառյակի անունից իրավասու չեք որևէ բան հայտարարելու, ապա Ձեր անձնական տեսակետի մակարդակով, դրանք կատարվե՞լ են:


-Իհարկե ոչ, ու այստեղ անձնական կարծիք պետք չէ: Ինչ-որ քայլեր ձեռնարկվել են, բայց 12 կետերի մասին խոսելը ճիշտ չի լինի:


-ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին, արդյո՞ք նման կոշտությունը պահպանվում է նաև այսօր:


- Կոշտության հարց չէ, հստակ դիրքորոշման հարց է:


-Նախկին հստակ դիրքորոշումը պահպանվո՞ւմ է:


-Ինչո՞ւ պիտի փոխվեր: Շատ հստակ քառյակի բոլոր ուժերը հայտարարել են` տարբեր հարցերի վերաբերյալ կարող են լինել տարբեր մարտավարական մոտեցումներ և լուծումներ, բայց քառյակի ռազմավարությունը մեկն է` հայաստանցու կյանքի փոփոխություն, իսկ սահմանադրական փոփոխությունները 40 տոկոսի հասնող աղքատության, ճգնաժամային նիշի հասած արտագաղթի, տնտեսական աճի տեմպերի բացակայության և այլնի պարագայում ժամանակավրեպ են և ոչ հենց այնպես, ինչպես դեկլարատիվ առումով է ասվում: Այդ իսկ պատճառով, նշածս հաշվի առնելով` ծախսել ահռելի ֆինանսական, մարդկային և քաղաքական ռեսուրսներ, ճիշտ չէ:


-Իսկ հնարավո՞ր է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված, այն, ինչ հայտարարել էիք մինչև սահմանին օգոստոսյան լարվածությունը, չեղյալ հայտարարվի, եթե նույնիսկ ոչ մի բան էլ չկատարվի: Այսինքն` ասեք, որ սահմանին լարված է, և հանրահավաքը կապակայունացնի սահմանին իրավիճակը:


- Լիազորված եմ պատասխանելու ԲՀԿ-ի մասով, և ասում եմ հետևյալը. հնարավոր է ընդամենը մեկ բան՝ քաղաքացու շահերի պաշտպանությունից բխող ցանկացած գործողություն: Ոչ մի կերպ չի լինելու նահանջ ՀՀ քաղաքացուն տանջող խնդիրների դեմ պայքարելու հարցում:
 

-Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ն գրեթե ողջ կազմով Չինաստանում էր, ինչո՞ւ։


-Փոխգործակցության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, իսկ իրողությունն այն է, որը երբևէ անտեսել չի կարելի, իմ անձնական կարծիքով` վստահաբար պետք է բազմակողմանիորեն և համապարփակ զարգացնել առևտրային, տնտեսական քաղաքական և մշակութային հարաբերությունները, և մարզական, ինչի մասին բազմիցս խոսվեց այդ այցի շրջանակներում: