ՀԱԿ-ը ժլատ չէ և պատրաստ է թեժ աշուններ կազմակերպելու փորձով կիսվել քառյակի հետ. Զոյա Թադևոսյան

17:32 • 09.09.14

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը գտնում է, որ քառյակում հակասություններ չկան։ «Հակասություններ կան այն մարդկանց ուղեղներում, ովքեր այդ հակասություններն ուզում են լինի»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝ քաղաքական թեժ աշուններ կազմակերպելու փորձին, ապա Զոյա Թադևոսյանն ասաց, որ իրենք ժլատ չեն և պատրաստ են այդ փորձով կիսվել քառյակի հետ։


-Ինչպե՞ս եք գնահատում քառյակի գործունեությունը, մասնավորապես, քաղաքական թեժ աշնան խոստումը։


-Իմ վերաբերմունքը թեժ աշնան հանդեպ չի կարող այլ կերպ լինել՝ բացի դրականից։ Ես ոչ միայն ՀԱԿ անդամ եմ, այլ նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից մեկը, ով կցանկանար, որ ո՛չ միայն աշունը թեժ լիներ, այլ ամբողջ տարին այնքան թեժ լիներ, որ այս իշխանությունները փորձեին հասկանալ, որ գործ ունեն իրականում ժողովրդի հետ և փորձեին ստեղծել պետություն, որտեղ քաղաքական առումով թեժ աշունները կբացառվեն և կլինեն թեժ աշուններ աշխատանքային, ստեղծագործական առումով։ Քանի դեռ այս իշխանություններն իրենց հիմնական պարտականությունները մոռացել և անձնական պարտականությունների մասին են մտածում, թեժ աշուններ կլինեն։


- Քանի որ ՀԱԿ-ը թեժ աշուններ կազմակերպելու փորձ ունի, իր փորձով կիսվելո՞ւ է քառյակի հետ, և ըստ Ձեզ՝ արդյունքները նո՞ւյնը կլինեն, ինչպես նախորդ տարիներին։


-Մենք ժլատ չենք այդ հարցով, միշտ էլ մեր դրական փորձով պատրաստ ենք մեր գործընկերների հետ կիսվելու, իսկ արդյունքները կլինեն մեր նախատեսածի սահմաններում։ Մենք վստահ ենք, որ քաղաքական չորս ուժերը բավականին լուրջ հեղինակություն և վստահություն են վայելում քաղաքականացված հասարակության շրջանակներում։ Իսկ այն հատվածը, որը տեսնում է հասարակության այդ ոգևորությունն արդեն կմիանա կազմակերպված միջոցառումներին և որքան ավելի մեծաթիվ մարդիկ հայտնեն անվստահություն այս իշխանություններին՝ հանրահավաքներին իրենց մասնակցությամբ, այդքան արդյունքը կլինի դրական։


-Այս թեժ աշունն ինչո՞վ է տարբերվելու ՀԱԿ-ի կազմակերպած թեժ աշուններից։


-Օրը կգա՝ բարին հետը, այն ժամանակ գնահատականներ կտանք։


-Ըստ ձեզ այս քաղաքական չորս ուժերը կարո՞ղ են հասարակության մեջ այն ակտիվությունը ստեղծել, ինչ ստեղծում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։


- Լևոն Տեր-Պետրոսյանի խարիզման, գիտելիքները, քաղաքական հմտությունը, փորձն, ունակությունները նորից կտեղափոխվի Ազատության հրապարակ և դրան կմիանան նաև մյուս քաղաքական ուժերը։


-Ըստ Ձեզ՝ քառյակին սատարող հասարակության մեջ ո՞ր մասն է ՀԱԿ-ի զանգվածը։


- Մենք երբեք հակված չեն բաժանելու մեր հասարակությանը քառյակի քաղաքական ուժերի միջև։ Մեր հասարակությունը հավասարաչափ դժգոհ է այս իշխանություններից և ցանկանում է ապրել իր երկրում ու ապրել լավ՝ 21-րդ դարի քաղաքացուն վայել կենսակերպով։ Հետևաբար` այդ բաժանումը կլինի արհեստական և անիմաստ։

-ՀԱԿ-ին շատ են մեղադրում հենց ԲՀԿ-ի հետ համագործակցելու առումով, ՀԱԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին ի՞նչ կասեք։


-Քաղաքական ուժերը միշտ էլ կարող են համագործակցել, եթե նրանց նպատակներն ազնիվ են և այդ նպատակներում գլխավոր թիրախը մնում է ժողովուրդը, ժողովրդի ցանկությունների կատարումը, պետականության կայացումը։ Եթե այդ նպատակները իրացվեն, բոլոր քննադատությունները կդառնան առ ոչինչ։


-Իսկ քառյակում առկա հակասությունները պառակտման հիմք չե՞ն։


-Քաղաքական այդ ուժերի միջև հակասություններ չկան, հակասություններ կան այն մարդկանց ուղեղներում, ովքեր այդ հակասություններն ուզում են լինի։