Վրաստանում շենքի պայթյnւնի հետևանքով զnhերի թիվը հասել է վեցի. նոյեմբերի 22-ը Սգո օր է հայտարարվել

10:59 • 20.11.26

Վրաստանում նոյեմբերի 22-ը Սգո օր է հայտարարվել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Փոնիճալա թաղամասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին, ասվում է կառավարության վարչակազմի հաղորդագրության մեջ։

Այդ օրը արգելված են զանգվածային ժամանցային միջոցառումները, ինչպես նաև բոլոր շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները։

Հիշեցնենք, որ բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին։ Պատճառը անսարք ջեռուցիչի հետևանքով բնակարաններից մեկում գազի կուտակումն է եղել։ Պայթյունի ալիքը քշել-տարել է բնակելի շենքի տանիքի մի մասը և առաջացրել միջհարկային ծածկերի փլուզում։ Արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ փոքր երեխա, իսկ հինգը հայտնվել են հիվանդանոցում։

Շենքի փլուզման սպառնալիքի պատճառով փրկարարները ստիպված են եղել փլատակները մաքրել ձեռքով։ Որոնողական գործողությունը տևել է 15 ժամ։ Փլատակների տակ ողջ մնալ է հաջողվել երեքամյա աղջնակին՝ Տայային, որին փրկարարները դուրս են բերել անվնաս։

Հինգ տուժածներից մեկի՝ այն բնակարանի տիրոջ վիճակը, որտեղ պայթել է գազը, մնում է ծայրահեղ ծանր։ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Միևնույն ժամանակ Թբիլիսիի քաղաքապետարանը պարզել է, որ վեց մուտքերից երկուսը պիտանի չեն բնակության համար։ Դրանց բնակիչներին (28 ընտանիք) տեղափոխել են հյուրանոցներ։

Թբիլիսիի ծայրամասում (Քվեմո Փոնիճալայում) գտնվող բնակելի շենքում գազի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածով՝ «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման անվտանգության կանոնները խախտելը»։