Apple-ը ներկայացրել է երկար սպասված iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոններն ու iWatch ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Apple ընկերությունը Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքի Flint Center կենտրոնում ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 Plus երկար սպասված սմարթֆոնները:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` ամերիկյան տեխնոլոգիական հսկան սմարթֆոններից բացի ներկայացրել է իր «խելացի» ժամացույցը` այսպես կոչված՝ iWatch-ը, ինչպես նաև՝ նոր բջջային վճարման համակարգեր:
Նորաստեղծ Apple Pay վճարային համակարգից օգտվել կարելի է բջջային սարքավորմանը մեկ հպմամբ: Համակարգից օգտվելու համար Passbook-ին նոր քարտ է ավելացվում, սարքի հաշիվ է ստեղծվում, ինչը նշանակում է, որ վաճառողները չեն ստանա քարտի տվյալները: Apple Pay-ը սկզբնապես հասանելի կլինի ԱՄՆ-ում` Visa, MasterCard և AmEx քարտերով:

Apple Watch-ի ինտերֆեյսը, որի դիզայնի հեղինակն է Ջոնի Այվը, ներկայանում է հետևյալ հավելվածներով` երաժշտություն, օրացույց, զանգերի ընդունում, խաղեր, փոստ, հաղորդագրություն և այլ ծառայություններ: iWatch-ի շափյուղե էկրանից արձակվող ինֆրակարմիր ու լուսային ազդակների օգնությամբ հնարավոր է չափել այն կրողի սրտի բաբախյունը: Ժամացույցում ներկառուցված է Siri համակարգը, որը թույլ կտա ձայնային հրահանգներ կատարել:






Իսկ iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները ներկայացել են նոր սերնդի Retina էկրաներով, որն ստացել է Retina HD անվանումը: iPhone 6-ն ունի 4.7 դյույմ անկյունագծով էկրան, իսկ iPhone 6 Plus –ը` 5.5: iPhone 6-ը համալրված է 1 մլն պիքսել կետայնությամբ, իսկ iPhone 6 Plus-ը` 2 մլն պիքսել:



iPhone 6-ն ունի 6.9 մմ հաստություն, իսկ iPhone 6 Plus-ը` 7.1: Երկուսն էլ ավելի բարակ են, քան iPhone 5S-ը, որի հաստությունը 7.6 մմ է: Նոր սմարթֆոնն աշխատում է A8 պրոցեսորով:

Սմարթֆոնների նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 12-ից: Մինչև տարեվերջ այն նախատեսվում է առաքել 115 երկիր:










