Հոկտեմբերի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ֆրանսիայում. ԱՄՆ դեսպան

19:27 • 09.09.14

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի՝ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար տեղի ունեցավ իրոք կարևոր հանդիպում, քանի որ այն նաև շատ լավ հնարավորություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համար՝ անձամբ ներգրավված լինելու բանակցություններում:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում դեսպանը նաև նշեց. «Որքան հասկանում եմ՝ նրանք հաջորդ անգամ հանդիպելու են Ֆրանսիայում՝ հոկտեմբերի վերջին, բայց ես չգիտեմ կոնկրետ օրը: Մենք կարծում ենք, որ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերով, սակայն այս պահին համանախագահները նոր առաջարկներ չունեն կողմերին: Ներկայում հիմնական նպատակն այն է, որ կողմերը հանդիպեն, որպեսզի ուղիներ որոնեն բանակցություններում ինչ-որ հաջողություն գրանցելու համար և քայլ առ քայլ հասնելու խնդրի կարգավորմանը»,-ասաց նա:

 

Ջոն Հեֆֆերնը նաև նշեց, որ ներկայում Մինսկի խմբի նպատակը ո´չ թե նոր գաղափարներ առաջարկելն է, այլ՝ երկու կողմի միջև հանդիպում կազմակերպելը: