ԼՂՀ իշխանությունները պատրաստ են վերադարձնել ադրբեջանցի անչափահաս սահմանախախտին

17:22 • 09.09.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից և նշում, որ կատարվածի մասին Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակները ժամանակին տեղեկացվել են: