iPhone 6 սմարթֆոնի համար հերթ կանգնելով՝ ամերիկացի եղբայրները 2500 դոլար են վաստակել
Apple ընկերության նոր՝ iPhone 6 սմարթֆոնն առաջինը գնելու ցանկությունը ստիպում է մարդկանց խելացնոր քայլերի դիմել։ Նոր հեռախոսի վաճառքի մեկնարկի օրվանից 16 օր առաջ Նյու Յորքի Հինգերորդ Ավենյուում գտնվող Apple Store-ի առաջ սկսել է հերթ գոյանալ, գրում է iphones.ru-ն։
Սակայն միշտ չէ, որ նորույթի առաջին գնորդը դառնալու ցանկությունն է ստիպում մարդկանց հերթ կանգնել։ Երկու ամերիկացիներ, ովքեր հերթ էին կանգնել օգոստոսի 31-ից, իրենց «ոսկե տեղերը» զիջել են 2.500 դոլարի դիմաց։
Բրայան Սեբալոն և Ջոզեֆ Քրուզը նման կերպ գումար են վաստակում արդեն մի քանի տարի։ Եղբայրները մասնագիտությամբ երաժիշտներ են, սակայն յուրաքանչյուր տարի հայտնվում են ընկերության նոր սարքավորումների վաճառքի մեկնարկի կենտրոնում։
«Սովորաբար, մենք գալիս ենք խանութի մոտ 7-8 օր առաջ, սակայն այս տարի որոշեցինք գերազանցել մեր սեփական ռեկորդը։ «Արևի տակ տեղը» մենք զբաղեցնում ենք արդեն վերջին 5-6 տարիների ընթացքում։ Քնելու պարկ, ծալովի աթոռ, հագուստ և շատ համբերություն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության համար»,- նշել են եղբայրները։
Բրայանը խոստովանել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում, ինչ ինքը զբաղվում է նման «բիզնեսով», վաստակել է ավելի քան 7.000 դոլար։










