ԱՊՀ-ն մտավախություն ունի, որ իր տարածքը կօգտագործվի «Իսլամական պետության» կողմից միջուկային զենքի տարանցման համար

12:25 • 09.09.14

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից միջուկային նյութերի և զանգվածային ոչնչացման զենքի համար սարքավորումների տարանցման համար, հայտնում է gazeta.ru-ն:

 

«Մենք նաև հաշվի ենք առնում ևս մեկ պոտենցիալ վտանգ՝ ԱՊՀ երկրների տարածքները և, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն օգտագործելու հնարավորությունը միջուկային և այլ վտանգավոր նյութերի, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի հետ կապ ունեցող տեխնոլոգիաների և սարքավորումների տարանցման համար»,- ասել է Նովիկովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

 

Բացի այդ, Նովիկովը նշել է, որ շատ հավանական է այդ ուղիների օգտագործումն Աֆղանստանից Եվրոպա թմրանյութ տեղափոխելու համար:

 

Որպես օրինակ՝ գեներալը հիշեցրել է հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման արած հայտարարությունը, որ իրենք հասանելիություն ունեն միջուկային զենքին, որը պատրաստվում են օգտագործել: