Լոնդոնն արտակարգ միջոցառումներ է մշակել Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում

16:43 • 09.09.14

Մեծ Բրիտանիայում արտակարգ միջոցառումներ են մշակել Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում: Այդ մասին հայտնել է Ֆինանսական կարգավորման և վերահսկողության հարցերով բրիտանական վարչությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք մշակել ենք հիմնական միջոցառումների ծրագիր իրադարձությունների նման զարգացման դեպքի համար»,- հայտարարել է վարչության ղեկավար Ջոն Գրիֆիտ-Ջոունսը Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ֆինանսների հարցերի հանձնաժողովում:

 

Նրա խոսքով՝ միջոցառումները վերաբերում են, մասնավորապես, խորհրդատվական ծառայությունների տրամադրմանը մարդկանց, ովքեր պետք է ստանան «իրենց հետաքրքրող բոլոր հարցերի» պատասխանները: Դա պահանջում է անհրաժեշտ թվով մասնագետների առկայություն, հավելել է Գրիֆիտ-Ջոունսը:

 

Ինչպես ավելի վաղ նշել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, Շոտլանդիան «որպես անկախ երկիր չի կիսի ֆունտը Միացյալ Թագավորության մնացած հատվածի հետ, եթե անջատման աջակիցները հաղթեն քվեարկությունը»:

 

Եթե բնակչությունը դեմ արտահայտվի անկախությանը, ապա, Օսբորնի խոսքով, Շոտլանդիային կտրամադրվի մեծ տնտեսական ինքնուրույնություն: