Կարողանում եք պահպանել էն, ինչ կա, մի զադ էլ ավել. Մանվել Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանին
«Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության մեծագույն անելիքը՝ երկրի սահմանների պաշտպանությունը, ՊՆ-ն պատվով է կատարում: Ըստ նրա՝ հատկապես վերջին շրջանում նախարարությունն իրեն դրսևորեց հայ ժողովրդին արժանի ձևով:
«Վերջին դրսևորումը, ոնց որ ասած, պարոն նախարար, արժանի էր մեզ: Ես հպարտություն եմ ապրում, որ էսօրվա զինվոր եմ։ Իրոք կարողանում եք պահպանել էն, ինչ կա, մի զադ էլ ավել»,- այսօր ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ ասաց նա:
Ինչ վերաբերում է հակառակորդին հակահարված տալուն, ապա Մանվել Գրիգորյանը նկատեց. «Նրանց ժամանակակից զենքի, տեխնիկայի և դրանց չափից դուրս ավելորդ վստահությանը մեր բանակը հակահարված կարողացավ տալ իր կազմակերպվածությամբ , միասնականությամբ կարողացավ ասել, որ էդքան մի հպարտացեք»:
Գեներալը նաև նշեց, որ մեծ հպարտություն է ապրում, երբ տեսնում է, որ հայ պատանիները և աղջիկները հավասարապես նվիրյալ են հայրենիքին, բանակին, ինչպես շատ ավագ սերնդի ներկայացուցիչներ:
«Էնքան ջղեր, էնքան էներգիա ունեն մեր երիտասարդները: Մեր ռազմահայրենասիրությունը պետք ա ճիշտ օգտագործել մեր երկրի, մեր ծրագրերի, մեր անկախության համար»,- ասաց նա:
«Ոնց ասում էր մեծն սպարապետը՝ երեխան դպրոցից պետք ա իմանա՝ ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում: Դա նշանակում է ինքնակայացում, մեր պետականության հիմքերի ամրացում»,-ասաց գեներալ Գրիգորյանը:
Վերջինս կարևորեց, որ նորաստեղծ պետությունում կարողանում են կառավարության մակարդակով, պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ քայլեր ձեռնարկել և պետության կարիքները համատեղ փորձել լուծել:
Ապա խոսքն ուղղելով հուշագրի ստորագրմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ ԵԿՄ ղեկավարն ավելացրեց. «Այնպես որ շատ կարիքը կա, պարոն Աշոտյան, որ մեր երեխան հասկանալով զինվոր դառնա, երկրի քաղաքացի դառնա, իսկ դպրոցը պետք է միշտ աջակից լինի»:










