ԲՀԿ-ն ու սահմանադրական բարեփոխումներին դեմ մյուս ուժերը հրապարակային հանդիպումներ կունենան ժողովրդի հետ. Ն. Զոհրաբյան
ԲՀԿ-ն, որին կարծում եմ կմիանան նաև քառյակի այն գործընկերները, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններին, առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա ժողովրդի հետ թե՛ Երևանում, թե՛ մարզերում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխան հարցին, թե օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ որևէ փաստարկ չի տեսնում, «որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները»:
«Բնականաբար կլսենք նաև հանրության տեսակետը, արդյոք այսօր հանրության օրակարգում նման հարց կա՞, թե՞ ոչ, արդյոք այսօր մարդկությանը հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունը, թե օրինակ՝ արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, և մեր հիմնավորումները կետ-առ-կետ կներկայացնենք», - ասաց Զոհրաբյանը:
ԲՀԿ պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն երբևէ դեմ չի եղել որևէ բարեփոխման, փոփոխության: «Սակայն մենք գտնում ենք, որ մեր երկրի թիվ մեկ օրակարգում այդ խնդիրը չկա: Գործող Սահմանադրությունը միանշանակ տալիս է ճիշտ օրենքը կիրառելու դեպքում բոլոր հնարավորությունները՝ կառուցել ժողովրդավարական երկիր, ունենալ իշխանության իրական հակակշիռներ, տալիս է հնարավորություն չունենալ աշխարհում ամենակոռումպացված արդարադատության համակարգերից մեկը, ուստի այո՛, մենք գտնում ենք, որ ցանկացած փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ, այլապես ոչ ճիշտ ընտրված ժամանակը, եթե չկա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև, կարող է բերել շատ ավելի հակառակ էֆեկտի»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե փորձ է արվում համոզել քաղաքական ուժերին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք մեր հստակ դիրքորոշումն ունենք, չեմ կարծում, որ համոզելու կամ չհամոզելու խնդիր կա այստեղ, քանի որ սա բավական լուրջ խնդիր է. յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտիվացիան ու հստակ դիրքորոշումը»:










