Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոնի հիմնման համար հատկացվել է 123 մլն. 600 հազ. դրամ
Հայաստանում ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացման և լավագույն ավանդույթները սերունդներին փոխանցելու համար կենտրոն կհիմնվի: Այս նպատակով արդեն ՀՀ կառավարությունը 123 մլն 600 հազար դրամ է հատկացրել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը, որոշ ժամանակ առաջ իրենց տրամադրության տակ է անցել Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի 620 քմ տարածքը:
«Այնտեղ ապագայում կլինի մանկական նկարչական դպրոց, կինոթատրոն, անիմացիայի դպրոց, բուն ստուդիան, ինչպես նաև մուլտիպլիկացիայի թանգարան: Նախկին դպրոցի տարածքում անհրաժեշտություն կա կատարելու վերանորոգման աշխատանքներ և կառավարության կողմից հատկացված գումարները մենք ուղղելու ենք այդ աշխատա քներին», - ասել է Հայկ Սահակյանցը: Արդյունքում ստեղծվելու է Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիայի կենտրոն, որի բացումը տեղի կունենա հաջորդ տարի գարնանը:
Ռոբերտ Սահակյանցը մոտ 100 անիմացիոն ֆիլմերի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր է: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երեւանում ` երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո:










