Կային ուժեր, որոնք շատ կցանկանային, որ քառյակը պառակտվեր. Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ անհիմն են այն մտավախությունները, որ հնարավոր է՝ քառյակը պառակտվի՝ հաշվի առնելով գաղափարական անհամաձայնությունները։
«Իհարկե` կային ուժեր, որոնք շատ կցանկանային, որ քառյակը պառակտվեր»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Քառյակը շարունակում է իր գործունեությունը, օրակարգում որևէ փոփոխություն չկա, առաջիկայում մենք կտանք կառավարության գործունեության գնահատականը՝ կապված 12 կետի հետ»,-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով քառյակի այսօրվա հանդիպմանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումներին, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ առայժմ դա չի խանգարում քառյակի գործունեությանը։
«Մենք ունենք ընդհանուր մոտեցում, որ եթե միասնական դիրքորոշում հայտնելու անհամաձայնություն կա, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ շարունակում է ինքն իր դիրքորոշումն իրականացնել»,-ասաց նա։










