Ոչ իշխանական ուժերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը և որոշել՝ հարգել միմյանց տեսակետները. Ա. Ռուստամյան
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը. քառյակի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով ընդգծեց, որ խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է կողմ այս բարեփոխումներին, և որոշում է ընդունվել, որ բոլորը պետք է հարգեն միմյանց տեսակետները:
Իսկ թե ինչու չկարողացան միասնական դիրքորոշման հանգել սահմանադրական բարեփոխումների հարցում, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ ուժերը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ին ու «Ժառանգությանը», նպատակահարմար չեն գտել այսօր այդ փոփոխությունները կատարել, չնայած կարող էին միանալ ՀՅԴ-ին։
«Մենք փոխանակեցինք մեր տեսակետները սահմանադրական փոփոխությունների հարցով, արձանագրվեց, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը։ Այս պարագայում տեսակետները քառյակում տարբերվում են: ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ մնացած երեք ուժերը՝ այս կամ այն պատճառաբանություններով, նպատակահարմար չեն համարում սահմանադրական փոփոխությունների անցկացումը»,- ասաց նա:
Ռուստամյանը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր և որոշել են նաև «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացնել ԱԺ, խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանին նամակ փոխանցել՝ արտագաղթի կասեցման նախաձեռնության վերաբերյալ՝ պահանջով հրավիրել խորհրդարանական լսումներ:
Բացի այդ, ոչ իշխանական ուժերը 12 կետերի նախնական ամփոփում են արել: «Վերջնական ամփոփումը թողեցինք հետագայում, որովհետև ժամանակը դեռ չի սպառվել: Տարբեր քաղաքական ուժեր իրենց գնահատումները ներկայացրին, հիմա որոշեցինք նախնական ամփոփել կուսակցություններում, որ կարողանանք միասնական տեսակետի հանգել, իսկ վերջնական ամփոփումը կկատարենք ավելի ուշ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին, ապա ըստ նրա, քառյակը շուտով կհստակեցնի նաև միասնական հանրահավաքի օրը: «Հանրահավաքի հարցում մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Հանրահավաք կանցկացվի, պարզապես ժամկետների տարբեր առաջարկներ են եղել, որոնց քննարկումը տեղի կունենա կուսակցությունների միջև ու ապագայում կհրապարակենք նաև հանրահավաքի օրը»,- նշեց Ռուստամյանը:










